Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուսահատելու չէ, այսուամենայնիվ հուսալու ալ չէ, թե մեր կառավարությունն ավելի սիրով կը հոժարի յուր երկրին մեջ բարեկարգություն մուծանել, քան թե ուրիշներու երկիրներ տալ։


Այս վերջին տեղեկությունե մեծ ցավ պատճառեց մայրաքաղաքիս ազգային խմբագիրներուն, որ կորուսին շատ թերթ վաճառելու հույսն, հավատքն և իմաստությունը...


Թատրոնի տնօրեններն մեծ նեղություն կը կրեն աստ՝ թատերական ներկայացումներ տալու մասին։ Մայրաքաղաքիս եվրոպական մասին մեջ հայերեն լեզվավ ներկայացում տալու համար թատրոնի տնօրեն մը նախ պարտավոր է դիմել քաղաքապետության որ պաշտոն ունի հիսուն դահեկան առնել և հրաման տալ առանց թատրերգության նյութը հասկնալ ուզելու։ Երկրորդ՝ պարտավոր է տպագրական տեսչության դիմել, որ պաշտոն ունի բնավ հրաման չտալ հայերեն ներկայացումներուն՝ ի բաց առյալ այն ներկայացումներն որոնց մեջ Նոյ նահապետն յուր տապանով Մասիսի գագաթին վրա կը նստի, կամ Բաղաամու էշը մարդու պես կը խոսի, կամ Հովնան մարգարեն ձուկին մեջ ճաշ կընե, կամ երեք մանկունք հնոցին մեջ ցուրտեն կը դողան, կամ ազգային երեսփոխաններն ժողովին մեջ կը քնանան և այլն։ Երրորդ պարտավոր է լուր տալ ոստիկանության որպեսզի ներկայացման ատեն ոստիկան մը ներկա գտնվի և հսկե դերասաններուն և հանդիսականներուն վրա, յուրաքանչյուր ոք աստ պարտավոր է, եթե հանցանք մը դործելու միտք ունի, նախապես ոստիկանության իմաց տալ որ գա յուր վրա հսկե, թեպետ և դողերն բացառություն են, այս ամենը կատարելով հանդերձ՝ թատրոնի տնօրեն մը վստահ չէ ներկայացումն ամբողջապես տալու, որովհետև սպարապետության դռնեն զինվոր մը կուգա և ներկայացումը կը խափանե, առանց կարևորություն տալու քաղաքապետության և տպագրական տեսչության կողմեն տրված հրամաններուն։ Մայրաքաղաքիս ասիական մասին վրա հայերեն ներկայացումներն բա-