Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցարձակապես արգիլված են. ուստի այն հայերն որ մայրաքաղաքիս ասիական կողմը կը բնակին՝ եվրոպական կողմը կանցնին եթե փափագ ունենան հայերեն ներկայացումներ տեսնելու և, փոխադարձաբար, եվրոպական կողմը բնակող հարուստ հայերն որ ազգային թատրոնե հեռու կը փախչին Ասիո կողմը կանցնին, ասոնցմե շատերն այս նպատակավ գաղթականություն մը կազմած են և մինչև Գաղատիո կողմերը գնացած են։ Ժամանակ պիտի գա ուր թատերասեր հայերն Տփղիս պիտի երթան ազգային ներկայացումներ տեսնելու համար...


Կեցցե՛ բարեկամություն...


Թնրնեմանի էֆքյար լուր կուտա թե մայրաքաղաքիս Սուրբ Խաչ եկեղեցվո Թաղական խորհրդարանին մեջ հիսուն տարիե ի վեր երկու ծրարներ կան կնքված, որոնց մեջ ադամանդ և ոսկի դրած է բարեհիշատակ Գազազ Հարություն ամիրան կտակելով թե թաղն՝ երբ դրամի պետք ունենա՝ այդ ծրարներն բանա և դրամն ու ադամանդն գործածե հօգուտ թաղին։ Փունջ լրագիրն յուր պաշտոնակցին այս լուրն հերքելով՝ կը ծանուցանե թե ծրար մը միայն կա կնքված և այդ ծրարն երջանկահիշատակ ամիրային մեկ կտակի դիրն կը պարունակն և թե հիշյալ ծրարն այն ատեն միայն պիտի բացվի, երբ կտակի գրույն պարունակությանը տեղեկանալ արժան դատվի և անոր գործադրության հարկն զգացվի։ Սակայն Փունջը չիմացներ մեզ թե գործադրության հարկն ինչպես պիտի զգանք առանց կտակի գրույն պարունակությանը տեղեկանալու, կտակի գրույն պարունակությանն ինչպես կարելի է տեղեկանալ՝ առանց կտակի դիրն կարդալու, կտակի դիրն ի՞նչպես կարող ենք կարդալ առանց ծրարը բանալու, և ո՞վ կը համարձակի ծրարը բանալու, քանի որ կտակի գրույն պարունակությանը տեղեկանալ արժան չէ դատված, ոչ ալ կտակի գործադրության հարկն զգացված։