Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոր վերջը՞։


Քանի՞ տարի տակավին պիտի սերտենք այս բառերը, համարնիս ե՞րբ պիտի փոխեն։


Մեր սթաթյուքուոն պիտի պահեն եղեր, արդնն մենք մեր սթաթյուքուոյեն խալսած չունինք։ Քոնֆերանս պիտի ընեն եղեր, թո՛ղ ընեն։ Օթոնոմի կ’ուզեն եղեր, չենք կրնար տալ, արմիսթիս կուտանք, կ՝ուզեն նե՝ առնեն։ Լիպերթե կ՝ուզեն, րեֆորմ տալ կը խոստանանք, չեն հավտար։


Այսպիսյաց շատ հարմար կուգա լատիներեն սա տողերը.


Քուի՞տ ժյուտիքաս՝ սի թու նոն վիս ժյուտիքարի: Լիպերթաթեմ բոսթյուլաս, տա լիպերթաթեմ։


Ըսածս չելա՞վ:


Ռուսիա չէ բարեհաճեր մեր վեց ամսյա նվերն ընդունելու։


Ինչո՞ւ, արդյոք նվերնիս չնչին բա՞ն մէր ու անո՞ր համար չէ ընդուներ:


Եթե չնչին էր՝ թո՛ղ իմաց տար, վեց տարվան զինադադար մը կուտայինք իրեն։


Մենք զինադադարն փախչող մարդիկ չենք, բավական է, որ արդյունքը մեզի նպաստավոր ըլլա։


Լրագրաց գրածին նայելով՝ մյուս կառավարություններե ոմանք ընդուներ և ոմանք ընդունելու տրամադիր են եղեր։


Ոմանց ընդունելեն և մեկուն չընդունելեն ի՞նչ պիտի ծագի արդյոք։


Բանի մը օր սպասեցեք։


Ֆար տյու Պոսֆոր լրագիրը, որ Բ. Դռան հրամանավ խափանյալ էր, վերստին երևալու արտոնություն ստացավ։


Պասիրեթ լրագիրը, որ Բ. Դռան հրամանավ հրատարակված էր, մեյ մ՝ալ չհրատարակվելու համար արտոնություն ստացավ։