Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այվատյան Էֆենտին բնականաբար բարկացավ ու տղուն ծուռ ծուռ նայեցավ։ Տղան անտարբերությամբ կը շարունակեր յուր վանկերն ու կըսեր.


— Քըս, քըս, քըս...


Ութուճյան ալ նկատելով, որ տղան կանպատվե կոր Այվատյանը, կռնակը պատին տվավ, պեխերը կրծելով կը խնդար։ Իսկ մենք, վախնալով որ Այվատյան ԷֆենտիՆ տղուն խոսքերեն գրգռվելով Սասիսին վրա կը հարձակի և մեջերնին կռիվ մը կը ծագի, ճանբանիս շարունակեցինք, շարունակ խորհելով, թե ինչ կը նշանակե տղուն այս անվայել գործը։ Շատ չանցավ, հետաքրքրություննիս փարատեցավ։ Սրճարանի մը մեջ մտա ու Արարատի մեջ հետևյալը կարդացի.


— Ժողովուրդը հոտ է և լրագիրները այդ հոտը պաշտպանող չուներ են։


Ատոր համար է ուրեմն, որ Այվատյան միշտ կը հաչե, ըսի ինքնիրենս, մեղքս ի՞նչ պահեմ, ու մեկդի նետեցի Արարատը:


Փորձառությունը կը ցուցնե, որ հարստահարությանդ ետևեն շատ իյնալու չէ, ինչու որ մեկ տեղեն հալածելուդ պես փախչելով ուրիշ տեղ կերթա կոր։ Անատոլուեն վերցուցինք ըսինք, հիմա Րումելի ալ անցավ։


Էտիրնեի մեջ հայ տղու մը թյուրքե մը սպաննվիլն ամեն մարդ իմացավ լրագիրներեն, ինչպես նաև Էտիրնեի բարեխնամ ժողովրդյան, մանավանդ իրենց առաջնորդին փոխանորդ արժանապատիվ Գեորդ վարդապետին այս մասին բռնած ընթացքը։


Այս վարդապետը ուրիշ շատ մը առաջնորդաց պես սպանյալ տղան փողոցի մեջ ձգելով չվազեց Պատրիարքարան հեռագրելու, թե հայ մը սպանեցին, չեք հավտար նե եկե՛ք, նայեցեք, բարեխնամ կառավարության ուշադրությունը շուտ մը հրավիրեցեք, անմիջապես թաքրիր գրեցեք, և այլն և այլն, այլ, ինչպես որ արդարությունը կը պահանջե, զոհը եկեղեցի տանելով՝ հոն քանի մը բժիշկներուն վկայությամբը խեղճին