Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամսականի տեղ կնիկ...


Աս ալ կարդացինք լրագրաց մեջ. բայց ոչ հավատացինք, ոչ ալ չհավատացինք։


Չհավատացինք, որովհետև եթե բոլոր թյուրք զորաց պուլղարի կնիկ տրվեր ամսականի տեղ, Պուլղարիո բոլոր աղջիկները չպիտի բավեին ատոնց ամսականները վճարելու կարող գումար մը գոյացնել։ Հավատացինք, որովհետև Երուսաղեմի մեջ թուրք զորականի մը քով պուլղար աղջիկ մը գտնվեր է։


Աս ալ աղեկ մը հասկնալու համար, սպասելու է։


<21>

Վերջապես զինադադարը այս օրերս պիտի կնքվի։


Շատ կը փափագեի սա վեց շաբաթվան զինադադարի մկրտության հանդեսին ներկա գտնվիլ։ Ինչպես պիտի կնքեն արդյոք աս երեխան. երախան ի՞նչ պիտի պահանջե. տղան պաղ ջուրի մեջ պիտի ընկղմեն, թե տաք։ Ահավասիկ ասոնք կ՝ուզեի գիտնալ։


Բայց ամենեն հավանականը սա կերևի ինձի, որ Ռուսիան երախան գիրկը պիտի առնե և երբ կնքող քահանան հարցունե իրեն, թե՝


— Երախան ի՞նչ կուզե։


— Հերսեկ, Պոսնա և Պուլղարիա, պիտի պատասխանե կնքահայրը։


— Ատ ի՞նչ ըսել է. երախա ըսածդ հավատք, լույս և սեր ուզելու է։


— Մեր երախան ատանկ բաներ չուզեր։


— Զարմանալի բան... երախային անունը ի՞նչ է։


— Զինադադար։


Այս պատասխանին վրա մկրտիչ քահանան երախան կնքահորը գրկեն պիտի առնե, տաք ջուրին մեջ պիտի խոթե, ու տղան պիտի խաշե: Այս գործողությունն ընելեն ետքը, կնքահոր պիտի դառնա ու ըսէ.


— Այս երախան խաշեցավ. հիմա պետք է, որ ուրիշ երախա մը կնքենք։