Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոր ի՞նչ պիտի պատասխանե կնքահայրը։


Ատ չգիտեմ, բայց սա գիտեմ, թե մինչև որ կնքահայրը չփոխվի չենք շնորհք կնունք մը տեսնալիք չունինք։


Հարցունելը ամոթ չըլլա, եթե մեկը հունաց թագավորը փնտրելու ըլլա՝ ո՞ւր կը գտնա։


Հազիվ թե հեռագիր մը կուգա և անոր այսինչ քաղաքը հասնիլը կը ծանուցանե, ետևեն ուրիշ մը կուգա և այդ քաղաքեն մեկնիլը կիմացունե։ Տեղ մը չնստիր. կը հասնի, ձիեն վար կիջնա, սուրճ մը կը խմե. ձիերը պատրաստեցեք կըսե. ու կելլա կերթա։


Արդյոք, կըսեք, իր չեզոքությունը լեռներու, դաշտերու ու ծորերու հաղորդելո՞ւ համար է, որ տեղ մը չկրնար նստիլ ու այսպես կը թափառի։ Ո՛վ գիտե, անպատճառ բան մը կա, բայց չհասկցվիր։


Հիմա ո՞ւր կը գտնվի։


Ժամ մը առաջ Պրինտիզի եկած էր, հիմա ուր գտնվիլը չգիտեմ։


Խնդա՞լ կուզես, զվարճանա՞լ կուզես... այս օրերս հայ խմբագիրներուն վիճակը մոտեն քննե։


Տրապիզոնի խսզըխը այն չափ վախցուր զիրենք, որ խազըխի խոսքը լսելնուն պես՝ փախչող փախչողի կըլլան կոր։ Եթե չես հավտար՝ օր մը ձեռքդ շինծու նամակ մը բըռնելով խմբագրի մը սենյակը մտի՛ր ու ըսէ.


— Խմբագիր էֆենտի, ձեզի աղաչանք մը ունիմ։


— Հրամմեցե՛ք։


— Տրապիզոնեն նամակ մը ունիմ, կը հրատարակե՞ք։


Տրապիզոնեն նամա՞կ մի... նամա՞կ մի... խազըխ մի... հիմա քեզի զապթիյեի կուտամ իբրև մարդասպան... դուրս ելի՛ր, պե մարդ, զիս մեռցնելո՞ւ եկար։


— Ներեցեք, մենք ի՞նչ ըսինք որ։


— Ասկից ավելի ի՞նչ պիտի ըսեիր... չըսած խոսքդ չմնաց... ոճրագործ... չգիտես որ այդ բառերը մեր ջիղերուն