Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը դպչին. հրամմեցե՛ք. դողս բռնեց, տեսա՞ր հիմա։ Ծո՛, ո՞վ կա դուրսը, շուտ ըրե՛ք, սրկեց լիմոնատա մը բերեք...


— Ներեցե՛ք, էֆենտի, ես չէի գիտեր կոր։


— Դուք ալ ներեցե՛ք, էֆենտի, ասանկ կատակ չըլլար ամեն բանին ճանբան կա:


— Ներեցե՛ք, մնաք բարով։


— Երթաք բարով:


Թերևս հարցունես, թե ինչո՞ւ համար ասանկ կը վախնան կոր։ Որովհետև կըսվի թե, կըսե Մասիս, Արարատա ու Մեճմուայի խմբագիրները թևերնին ետևնին կապված տարվեր են ոստիկանության դուռը։


— Մի՞թե...


— Սըսսթ... մաղր ծակ է։


Ավստրիա՝ Քլեքի նավահանգիստը մեզի գոցելեն ետքը հիմա նորեն բանալու միտք ունի եղեր։


Ինչո՞ւ գոցեց, ինչո՞ւ պիտի բանա։


Երբ որ մենք իրեն կաղաչեինք ու կըսեինք. «Բայց մեզ, տէ՛ր, դո՛ւռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ քեզ» ինքը դռան ետևեն անտարբերությամբ կը պատասխաներ, «Ոչ ճանաչեմ զձեզ... զի այս դուռն տեառն է և արդարք մտանեն ընդ սա»:


Մենք ալ այս պատասխանին վրա ճանբանիս փսխեցինք։


Հիմա Ավստրիա ելեր մեր ետևեն մեզի կը կանչե ու կը պոռա.


«— Եկայք, օրհնեալք հօր իմոյ»։


Ինչի՞ տանք այս փոփոխությունը. արդյոք Ավստրիո շահերը այն ատեն գոց ու հիմա բաց կը պահանջեն կոր. եթե այդպես է՝ Ավստրիո շահերը շատ փոփոխամիտ են եղեր։


Ժեներալ Իկնաթիեֆի լեզվին վրա ի՞նչ գաղափար ունիք, անո՞ւշ է, թթո՞ւ է, կա՞րճ է, երկա՞ր է։