Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դաշնագրություն դաշնագրությանց վրա։


Անցյալները մարդ մը միևնույն բանը երկու հոգիի մեկեն ծախած էր, երկուքեն ալ ստակ առած էր։ Երբ այս դեպքը իմացանք, բավական խնդացինք։


Հիմա ալ կրնանք խնդալ տեղի ունեցած, կամ ունենալիք դաշնագրությանց վրա։


Գերմանական լրագիրները կառաջարկեն Պիսմարք իշխանին, որ դաշնադրություն մը կնքե Անգղիո ու Ավստրիո տերությանց հետ։


Աղեկ ա, Գերմանիա ասկից առաջ Ռուսիո հետ դաշնադրություն կնքած էր» Ավստրիա ըսես նե՝ տերություն չմնաց, որու հետ դաշնադրություն ըրած չըլլա» մանավանդ վերջին դաշնադրությունը կնքած միջոցին այնչափ ալ պագտվեցավ մարդը և հիմա ինչպես ելնե Անգղիո հետ ալ պագտվի։


Ինչեն գիտնա, որ Գերմանիո հետ պագտված միջոցին զինքը չպիտի խածնեն։


Համբույրը խաղալիք չէ. բերնեն ելածը գիտնալու է մարդ։


Կըսեի, ըսի, կըսեմ և պիտի ըսեմ, ամեն մարդ իր շահը կը նայի։


— Աղեկ ըսիր, Պարսկաստանի շահը ի՞նչ կը նայի։


Ատիկա խելոք նստած է, միտքը բան չձգենք։


Այո՛, ամեն մարդ իր շահը կը նայի։


Անցյալ օր, մայրաքաղաքիս դեսպանները դարձյալ մոգով մըրին։ Ի՞նչ խոսեցան դեսպանները՝ հայտնի է. յուրաքանչյուրն յուր շահուն վրա խոսեցավ։ Ո՞ր դեսպանն ելավ ըսավ թե՝ միջոց մը խորհինք, որ Թատրոնը ամեն օր կարենա հրատարակվիլ, թե անոր բաժանորդներեն ոմանք ընկալագիրը ընդունած ատեննին բաժանորդագինը վճարեն, թե Թատրոնը տասը հազար օրինակ տպվի, թե՝ անոր գրասենյակը ավելի մեծնա և այլն և այլն. և ոչ մեկը, այլ ամեն մեկը իր շահուն վրա խոսեցավ։