Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նուվել Բրես Լիպր իր մեկ հոդվածին մեջ կըսե, որ եթե կոմս Անտրասին հաջողի Ռուսիո ազդեցութենեն փրկել Ավրստրիո քաղաքականությունը՝ բոլոր Ավստրիո ժողովրդյան սիրելի պիտի ըլլա։


Աս հայտարարության վրա շատ հավանական է, որ մեր կոմսը քանի մը նոր բանալիներու շինությանը հրաման տված ըլլա, որպեսզի եթե հիմակվանները ավրվին՝ առանց բանալիի չմնա։


Գալով Ավստրիո կայսեր՝ որուն առաջին երեսը Ռուսիա կը պագներ և երկրորդ երեսը Բրուսիա, քանի մը շաբաթն ի վեր պագտված չունի։ Չմոռնանք ըսելու, որ նորին վեհափառության քաղաքականությունն ալ սիրո մեջ է, համբույրներու վրա կը կայանա։ Նորին վեհափառությունը վերջերս զինքը համբուրողին դաշնակից եղավ, բայց որովհետև սիրո մեջ եղած խոսքերը երաշխավորյալ չեն կրնար համարվիլ, նորին վեհափառությունն ալ ըրած խոսքերուն մեկն ալ չբռնեց։


Կեցցե՜ն ուրեմն համբույր և բանալի, պաշտպանը Ավստրիո շահուց։


Հունաստանի զինյալ չեզոքությունը ազգային ժողովին մեջ վիճաբանության ենթարկվեր է։


Տելի Ղեորղիոս Հունաստանի բռնած ընթացքը քննադատեր է։


Տեսա՞ր ամենեն խելացին։


Պարոն Բումանտուրոս Ղեորղիոսին համամիտ գտնվեր է։


Ապրի։


Պարոն Քոնթոսթավլոս ալ խաղաղասիրական քաղաքականությունը պաշտպանելով պատերազմի պատրաստ գտնվելու պետքը զգացուցեր է։


Ահա բուն տելի Ղեորղիոսը աս է։


Մոմ վառեցե՛ք, մոմ, կազ ալ կրնաք վառել, պատերազմ չպիտի ըլլա... Ավստրիո լրագիրները, որ ձարի լեզուն