Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկ մասը արդեն ճանբա ելած է, մյուս մասն ալ ելլելու վրա է։


Բարի եկան, հազար բարի...


Գիտե՞ք, այս հյուրերը ինչ ընելու համար պիտի գան հոս. մեր վիճակին բարվոքմանը վրա պիտի խորհրդակցին... ի՞նչ բարի մարդիկ...։


Եթե դեսպանաժողովը կարող էր քրիստոնեից վիճակը բարվոքելու՝ ինչո՞ւ այսչափ ատենե ի վեր չգումարեցին, կամ չբազմապատկեցին զայն ու զմեղ կոտորակի վերածեցին, մանավանդ տասնորդական կոտորակի...։


Ինչ որ է, առ այժմ մեր պարտքն է այս հյուրերը սիրով ընդունիլ և աղոթել, ինչպես որ Ասլանյան Ստե՛ան փաշային կարծիքն ալ է, որ մեջերնին համաձայնություն մը գոյանա, ձարին իղձերը եթե չպսակվին' գոնե նշանվփն, վեր- ջեն նշանը ետ ընելը դյուրին է, որպեսզի սա պատերազմի երկյուղը փարատի։


Աղոթենք, աղոթելով աղոթենք՝ որ հայոց ալ քրիստոնյա ըլլալը ձարին ականջը դրվի և գործադրվի հոն արդարությունը, որ իր բացակայությամբը անշուշտ պիտի փայլի հոն...։


Հրամմեցե՛ք ուրեմն, լորտեր, մարքիզներ, կոմսեր, դերկոմսեր, դուքսեր, արհիգուքսեր, եթե Պոլիս չեք տեսեր, եկե՛ք դուք ալ տեսեք... ամեն ատեն քրիստոնեից վիճակը ասանկ չըլլար...։


Քրիստոնեից վիճակի բարվոքում կըսեն կերթան, իբր թե Բերայի մեծ փողոցին վիճակը քրիստոնեից վիճակեն աղեկ ըլլար, իբր թե կղզի ու հասգյուղ բանող շոգենավներուն վիճակը քրիստոնեից վիճակեն ավելի ցավալի չըլլար, իբր թե հրեից վիճակը նախանձելի բան մըլլար, իբր թե Փունջին խմբագրին վիճակը Ռուսիո կայսեր ուշադրությունը գրավելու չափ խեղճ չըլլար... յուր ծանուցմանը նայելով՝ պանիր հացով կապրի եղեր, բայց մանրամասնորեն չէ հայտներ՝ թե Հոլանտայի՞ պանիրով, թե թուլումի: