Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արդ, պետք է, ամենեն առաջ պետք է, որ Փունջին այս վիճակը դեսպանաժողովի մեջ քննութեան ենթարկվի, վրան վիճաբանվի, անոր պատճառները վերցվին, որպեսզի մեջտեղեն վերնա նաև... Փունջը:


Ո՜վ խմբագբություն, ո՜ւր կերթաս... ո՜վ Փունջ, ո՜ւսկից կուգաս... եթե պանիր հացով կապրիս՝ ինչո՜ւ հրաժեշտ չես տար այդ ասպարեզին... և չես ընտրեր անանկ ասպարեզ մը ուր կարենաս ապրիլ ապուխտ հացով։


Խմբագիր մը որ պանիր հացով կապրի՜...


Ճաթելո՜ւ բան... և սակայն չեն(ք) ճաթիր կոր... ըսել կըլլա, թե ճաթելու հատկություն շունին(ք)։


Քանի որ լրագրաց վրա խոսք բացվեցավ, առիթեն օգուտ քաղելով կը ծանուցանենք, որ Մամուլ զավեշտական թերթը շաբաթը մեկ անգամ իր առջի դիրքով հրատարակվելով՝ մյուս օրերը հայերեն տառերով տաճկերեն հրատարակվիլ սկսավ քաղաքական թերթի մը պահանջած դիրքով, լեզվով և լուրերով։ Նույնպես Միմոս զավեշտական թերթն ալ լուրջի փոխվելով Նոր Դար անվամբ ամեն օր հրատարակվիլ սկսավ խմբագրությամբ Օրագրո խմբագիր Օգսեն էֆենտի Խոճասարյանի և բարեխոսությամբ Նուրյանի։ Փունջն ալ ամեն օր հրատարակվիլ սկսավ տասը փարայի։ Մասիսի Րուզնամեն արդեն կը շարունակվի։ Այս ամենուն հաջողություն մաղթելով՝ պախալներուն կը ծանուցանենք, որ այս տարի շատ պանիր ծախու առնեն, չվախնան, վասնզի վնաս չեն ըներ, քանի որ խմբագրաց ապրուստը պանիր է։


Դուք ալ, ընթերցասեր ազգայինք երբ տեսնաք որ ասոնցմե մին իր կամոքը դագրած է (թեպետև հիմա չեն թողուր, որ խմբագիր մը իր կամոքը դադրի) գիտցած եղեք, որ պախալներու քով պանիրը հատեր է։


Հունաստանի կառավարությունն ալ ուզեց քիրիոս մը ղրկել այս դեսպանաժողովին, բայց չհաջողեցավ խեղճ տղան։


— Ես ալ պիտի երթամ, ես ալ պիտի երթամ ըսավ՝ ոտքերը գետին զարնելով։