Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աս չկրնա՞ր ըլլալ. ապա, ուրեմն ատ խոսքը մեյ մալ մի ընեք, մանավանդ որ կայսրը զքեզ իր գանձուն պաշտոնյա կարգած է և ոչ թե անոր վիճակը կայսեր ներկայացնելու համար, այլ անոր վիճակը քրիստոնեից վիճակին պես բարվոքելու համար։


Դուն ի՞նչ կըսես, ընթերցո՛ղ։


— Իրավունք ունիս։


— Շնորհակալ եմ։


<31>

Ընթերցող, չե՞ս ուզեր երբեմն երբեմն տեղեկություններ առնել Մովսես մարգարեին վրայոք. չե՞ս փափագիր անոր քաղաքականությունն իմանալ, անոր ի՞նչ ազդեցության տեր ըլլալը հասկնալ, անոր գանձային վիճակը և այլն գիտնալ։


Եթե կուզես, թող տուր որ այս մասին քիչ մը լույս տամ քեզի. քիչ մը չէ, շատ լույս կրնամ տալ, ինչու որ Մովսես մարգարեն Տպագրական տեսչություն չունի, և ազատ համարձակ կարող եմ ճշմարտությունը խոսիլ։


Է՛հ ուրեմն բարեկամ, Մովսես մարգարեին քաղաքականությունը լավ վիճակի մեջ չէ, գանձային վիճակը մյուս մարգարեներուն գանձային վիճակեն շատ աղեկ է, բայց օրվան խնդրոց մեջ կրոնի оրենսդիրներեն ինքն է, ինքն է միայն, որ ամեն օր ազդեցությունր կը կորոնցնե և անուղղակի հարված կուտե։


Ամեն անգամ որ քրիստոնեից պաշտպանություն կը կրկնվի, անշուշտ Մովսես մարգարեին արժանապատվությունը կը վիրավորվի։ Մովսես մարգարեն հաշվի չէր գրած արևելյան խնդիրը. ետևը նայելու զբաղած ըլլալով՝ առջևը դիտելու ժամանակ չէր ունեցած, որով չէր կրցած մարգարեանալ, թե օր մը պիտի դա, ուր հրեայք առանց պաշտպանի պիտի մնան։


Լոնդոնի քանի մը հրեայք այս դիտողություններն ընելեն ետքն է անշուշտ, որ անցյալ շաբթու պատգամավորու-