Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<33>

Ես ձեզի բան մը ըսե՞մ, մեծապատիվ խմբագիրներ, դուք բարեկարգություն բառը ասկից վերջք քիչ գործածեցե՛ք, կամ բնավ մի գործածեք։ Բարեկարգություն բառեն գալիք օգուտը չենք ուզեր մենք։


Գիտե՞ք ինչու չենք ուզեր։


Գիտեմ, որ չեք գիտեր, որովհետև ձեր մեջը անանկներ կան, որ ո՛չ գրածնին գիտեն և ո՛չ ալ կարդացածնին. ուրեմն թող տվեք, որ ըսեմ ձեզի, թե ինչու չենք ուզեր։


Բարբարոս քյուրտերը ձեր գրած բարեկարգությունը լսելով՝ իրարու կ՝ըսեն.


— Մոտերս բարեկարգություն պիտի ըլլա և ալ չպիտի կրնանք հայոց ճակտին քրտինքովը ապրիլ (այս մարդիկ Աստվածաշունչ կարդացած չըլլալով՝ չեն գիտեր, որ մարդս յուր ճակտին քրտինքովը միայն ապրելու է), ուստի եկեք հայոց ստացվածքը կողոպտենք, հայերը չարչարենք, սպաննենք և մեր ապագան պատրաստենք։


Եվ այս ըսելով՝ ամեն անգթություններ կը գործեն։ Վկա կը կոչեմ Մանզումե1 հինգշաբթի օրվան թերթը, եթե երբեք ընդունելի է քրիստոնյա լրագրի մը վկայությունը։


Հասկցա՞ք հիմա, մեծապատիվ խմբագիրներ, որ պետք չէ այդ բառը գործածել։ Եթե հասկցաք ըսածս՝ գործադրեցեք և թող տվե՛ք, որ ես խոսիմ այդ քյուրտերուն։


Ազնիվ քյուրտեր.


Լրագրաց գրածին մի՛ հավտաք, Թուրքիո մեջ բարեկարգությունը անկարելի է։ Լրագիրներեն ոմանք բարեկարգություն բառը եթե միշտ կը կրկնեն, մի՛ կարծեք թե զձեզ ձեր ապագա անգթություններեն զրկելու համար կը գրեն, այլ մեր թշնամիները քնացնելու համար կը գրեն։ Ազնի՛վ քյուրտեը, վստահ եղե՛ք, որ դուք հավիտյանս հավիտենից ազատ պիտի ըլլաք հայերը արորի լծելով երբեմն ձեր հողը հերկելու, անոնց հոտերը քշելու, անոնց ստացվածքը կողոպտելու, պատիվն բռնաբարելու և կյանքն առնելու։ Ո՜հ, ազնիվ քյուրտեր, մի խաբվիք լրագրաց խոսքերեն, ինձի հավատացե՛ք և վստահ եղե՛ք, որ Թուրքիո մեջ բարեկարգություն չպիտի