Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմաց կուտամ քեզի, որ չունիմ. արդեն ուրիշին փոխ տալու սկզբունքին հակառակ եմ ես, ուրիշներու ողորմություն տալու գրությունն ալ Աքիլլեսի ուժով կը մերժեմ։ Գնա՛, գլխու ցավ մտիկ ընելու ժամանակ չունիմ, նամակներ ունիմ գրելու։

Ճպուռն — Ցորենի խնդիրն ուսկի՞ց հանեցիր։

Կապիկ — Լաֆոնթենեն. բայց ատոր վրա երկար բարակ խոսելու ժամանակ չունիմ։ Ըսե՛, շուտ, ի՞նչ կուզես...

Ճպուռն — Բան մալ փոխ պիտի չուզեմ, խորհուրդ պիտի հարցնեմ քեզի։

Կապիկ — Հրամմեցե՛ք. նստեցեք, նամակներս վաղն ալ կրնամ գրել։

Ճպուռն — Երեսուն և հինգ հազար ոսկվո մոտ պարտք ունիմ և զայն վճարելու համար խելքի կը կարոտիմ։

Կապիկ — Հանձնաժողով մը կազմելու է, տոմսակներ տպել տալու է, հավաքիչ մը բռնելու է և ճպուռներեն հավաքելու է այդ պարտքը. վճարելու ամենեն դյուրին ճանբան այս է հիմա։ Բայց կրնա՞մ հարցնել, թե ինչպես գոյացավ այդ պարտքը։

Ճպուռն — Իրավ որ ես ալ չգիտեմ, ընկերներս ալ տեղեկություն չունին. պարտքն առանց մեզ իմաց տալու գոյացեր է։ Բայց ներվի ինձ գիտել տալ, թե աշխարհիս մեջ այնչափ բաներ կան, որոնց ինչպես գոյացած լինելուն վրա դեռ գիտությունն իսկ բան մը չկրնար վճռել. նույնիսկ աշխարհիս ինչպես գոյանալուն մասին դեռ համակարծիք չեն գիտնականները, և մենք խեղճերս ի՞նչպես կրնանք գիտնալ, թե ինչպես գոյացավ ընկերությանս այս պարտքը. մանավանդ թե պարտուց գոյացման վրա խոսող դասագիրք մալ չունինք, որ անկե սորվեինք։ Մեր գիտցածն սա է, թե այս պարտքն այսօր գոյություն ունի։

Կապիկ — Ի՞նչեն գիտեք թե գոյություն ունի, թերևս ձեզի այնպես թվի, թե պարտք ունեցած ըլլաք:

Ճպուռն — Պարտատերներն ամեն օր կուգան ստակ կուզեն:

Կապիկ — Թերևս առնելիք չունին և ինքզինքնին առնելիքի տեր կը ցցուցնեն։

Ճպուռն — Կրնա՞ ըլլալ։ Հաշիվներ կան, քննիչներ կան, հանձնաժողովներ կան։