Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապիկ — Ըսենք թե պարտքին գոյանալը չիմացաք, բայց ի՞նչպես եղավ, որ անոր մեծնալն ալ չիմացաք։

Ճպուռն — Ինչո՞ւ այդպես կը խոսիք, պարտք ըսածդ տղու մը կը նմանի, քանի մը ատենեն կը տեսնես, որ մեկեն ի մեկ մեծցած է, և կը զարմանաս ըսելով, «Որչափ շուտ մեծցավ, դեռ քանի մը տարի առաջ տղա էր»:

Կապիկ — Հանձնաժողով կա ըսիր, ի՞նչ ըրավ այդ հանձնաժողովն։

Ճպուռն — Պարտքը բառնալու տեղ քիչ մը պարտք ալ ան բարդեց վրան։ Ողջ ըլլա, շատ աշխատեցավ, անոր ըրած ջանքերը չեմ կրնար մոռնալ։

Կապիկ — Եթե ձեր պարտքը չվճարելու համար ըներ այդ ջանքերն՝ մինչև հիմա խնդիրն վերջացած էր։ Ուստի խրատ կուտամ քեզի, որ ուրիշ հանձնաժողով մը կազմել տաս, և այս հանձնաժողովն պաշտոն ունենա այդ պարտքը չվճարելու միջոցներ խորհելու, գտնելու և երեսփոխանական ժողովո վավերացման ենթարկելու, ժողովն միաձայն հավանությամբ կը վավերացնե ասանկ միջոց մը։

Ճպուռն — Ի՞նչպես կարելի է. չվճարել։

Կապիկ — Պարտքերը չտալով։

Ճպուռն — Անկարելի է։

Կապիկ — Թող ուրեմն առջի հանձնաժողովն վճարե։

Ճպուռն — Անհնար է։

Կապիկ — Աս ի՞նչ անիծյալ պարտք է, որ ոչ կը վճարվի և ոչ չվճարվիր։

Ճպուռն — Տարօրինակ բան մէ, օր օրե ալ կը մեծնա։

Կապիկ — Ձեր հովանավորության ներքև ո՞վ տկար մնացած է, թող ուրեմն մեծնա, բազմանա ու զորանա։

Ճպուռն — Այն ատեն չկրնար վճարվիլ։

Կապիկ — Ավելի աղեկ, պարտք մը որչափ մեծնա այնքան կազատի վճարվելու մտմտուքեն։ Կը մեծնա, կը մեծնա, կը ծերանա և վերջապես օր մալ կը վախճանի... պարտքերն անմահ չեն։

Ճպուռն — Ես ալ ձեզի պես կըսեմ, թե յուրաքանչյուր ճպուռին հրավեր կարդանք, որ յուր օգնությունն չզլանա։