Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծեր կիներն ընդհանրապես շատ կր սիրեն իրենց երիտասարդության օրերուն վրա խոսիլ, նման սնանկացյալներուն, որ կը սիրեն շաբաթը գոնե անգամ մը հին տետրակներն աչքե անցունել։


Եթե ամեն ետևը նայող կիներն Ղովտա կնկա պես աղե արձան կտրեին, թե Պոլսո մեջ աղն շատ աժան կը դնեինք և թե գեղարվեստի մասին ավելի հառաջադիմություն ըրած կըլլայինք:


Աղջիկներեն ոմանք կը նմանին վարպետ մրգավաճառներուն, որ կողովին վրա քանի մը խոշոր և փայլուն խնձոր դնելով գեշերն ալ մեկտեղ քշել կ՝ուզեն. և եթե կողովն քիչ մը քննել ուզես՝ կարգն ավրեցիր ըսելով կը վռնտեն զքեզ։


Ցավալի է, որ կիներեն ոմանք տկար էակն իրենց բերնին մեջ անպակաս ընելով՝ պարկեշտության գծեն կը շեղին ճիշտ այն էակներու նման, որ չքավորության կռթնելով ամեն չարագործություն կընեն։


Շատախոս կին մը անբերելի տուրք մէ գրված ամուսնույն վրա։


Անհավատարիմ կին մը դժվարամարս կերակուր մէ. պատվավոր ամուսիններն դուրս տալով զայն, կրնան հանգստանալ. իսկ անպատիվները շատ դյուրությամբ կը մարսեն և աշխարհիս ամենեն ավելի սննդարար և առողջարար կերակուրն կը ներկայեն զայն ուրիշներուն։


Կիներու համար ամեն օր բարեկենդան է, որովհետև ամեն օր դիմակավոր են։


Տգեղ աղջիկներն սիրո խնջույքներուն մեջ այնպես կը նկատվին, ինչպես առանց հրավեր ընդունելու հարսանիք գնացողներն, պաղ ընդունելություն կը գտնեն։