Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՀԱՆԱՁՈՒԿԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՈԻԹՅՈՒՆԸ

Վահանաձուկն երեսփոխան կընտրվի ձուկերեն, որք կը փափագեին իրենց կողմեն անաչառ փոխանորդ մը դնել կենդանիներուն ժողովույն մեջ։ Այս ընտրութեան օրինավոր ըլլալուն կամ չըլլալուն վրա, ինչպես օրեն է, կոփվն կսկսի՝ որովհետև այս ժողովն կռվաժողով է, մինչև անգամ առած դարձած է կռվասերներուն համար ըսել «Այս կենդանին անպատճառ երեսփոխան է», նույնիսկ շատ անգամ այր և կին կռվելու համար հոն կերթան։ Երեսփոխաններեն մեծապատիվ աղվեսն՝ որ ժամանակավ վահանաձուկեն կօգտվեր և երկինք կը բարձրացներ զայն՝ կը հակառակեր այս ընտրության՝ զոր ապօրեն կը գտներ, որովհետև վահանաձուկը ժամանակե մի վեր գավառական տեղեկություններ չէր տար աղվեսին, որովհետև աղվեսն բնավորություն ունի թշնամանալու այն ամեն կենդանիներն, որոցմե բարիք մը չվայելեր։ Բարոյական հանցանքներով ամբաստանված է վահանաձուկն, կըսե աղվեսն, որ շատ հանցանքներով ամբաստանված է և կ՛ամբաստանվի, և կը պնդե, որ կենդանիներու գործող մարմնույն հղվի այս խնդիրն ի քննություն։ Աղվեսին առաջարկությունն ուրիշ քանի մը երեսփոխաններեն ևս կրկնվելով կը հղվի գործող մարմնույն՝ որու նախագահն կը հարցունե վահանաձուկին.


— Հանցանք ունի՞ս դուն։


— Ամենևին հանցանք չունիմ, կը պատասխանե վահանաձուկն։


— Սանկ բարոյական հանցա՞նք մը։


— Չունիմ, ամենապատիվ։


— Քեզի համար կըսեն, թե վահանաձկուհի մը սիրած ես։


— Զրպարտություն է, այդ վահանաձկուհին այնքան նիհար, սև և տգեղ է, որ ինձի պես ճաշակի տեր ձուկե մը չկրնար սիրվիլ։


— Ի՞նչպես համոզվիմ, թէ սիրած չես զայն։


— Շատ տգեղ էր, անդին այնչափ գեղեցիկ ձկուհիներ կան, խե՞նթ եմ, որ զանոնք թողում և այդ տգեղն սիրեմ։


— Շատ լավ, անմեղությունդ հայտնվեցավ։