Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարոյական — Կը կրկնեմ այն առածն, որ կըսե «Մինչև որ հարուստն հավանի՝ աղքատին հոգին կելնե» կամ «Սպասե սիրուն էշս, որ գարուն գա և գալար խոտ ուտես»։


ԱՌՅՈԻԾՆ ԵՎ ԿՌՈՆՈՍՆ

Կռոնոսն դեր կենդանի մէ։ Երբեմն իրավամբ կը խածնե, սակայն շատ անգամ ալ անիրավներու քով կը քծնի։ Երբեմն Կը մայե, հաճախ կը գոռա, երբեմն մուկի պես երկչոտ է, երբեմն ալ առյուծի պես քաջասիրտ։ Երբ անոթի մնա, գիշատիչ կենդանիներու նման դեմն ելնողն կը բզքտե և յուր անոթությունն կը հագեցնե։ Բնապատումներն տակավին չեն կրցած որոշել, թե ո՞ր ընտանիքին կը վերաբերի այս կենդանին, որ ճարտարախոս ալ է։ Ժամանակավ առյուծին շատ սիրելին էր այս կենդանին, հիմա իրարու հետ մտերմություն չունին առւսջվան պես։ Այս համառոտ տեղեկությունն տալեն ետքը՝ փութանք կենդանիներու ժողովույն մեջ Կռոնոսին և Առյուծին մեջտեղ անցած մեկ կռիվն պատմել, ծառայություն մը ընելու համար այն ամեն կենդանիներուն, որ կը փափագին կռվելու գիտությունն սորվիլ։ Խնդիր կըլլա օր մը խեղճ մրջյուններուն վճարել տալ մեծագումար պարտք մը, զոր ճպուռներն երգելով գոլացուցեր էին, որովհետև գործելով պարտք չգոյանար։ Կռոնոսն կարծիք կը հայտնե, թե գործող ժողովն նախ և առաջ պարտավոր էր կենդանիներու ժողովույն բերել խնդիրն. անոր հավանությունն առնել և հետո գործագրության դնելու միջոցներուն վրա խորհիլ։ Առյուծը կը սրդողի։ Կռոնոսը չսրդողիր։

Առյուծ — Կռոնո՛ս, դու խղճիդ հակառակ կը խոսիս։

Կռոնոս — Քավ լիցի, ես արդեն կարևորություն չեմ տար խղճին, որ անոր համաձայն կամ հակառակ խոսիմ։ Ես միտք ունիմ, կը խորհիմ, կը քննեմ, կը դատեմ և կորոշեմ։ Դուք ալ շատ կարևորություն մի՛ տաք խղճին։

Առյուծ — Դուն ճպուռներուն բույնն կործանել և զանոնք ցիրուցան ընել կուզես։

Կռոնոս — Չեմ ընդունիր։