Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնա՞ ինքզինք արդարացնել ըսելով յուր ամուսնույն, «Ինչո՞ւ կը բարկանաս, սիրելի ամուսինս, արդարև սիրեցի ուրիշ մը, բայց սիրեցի ի նպաստ կրթական ընկերության մը, զոր քաջալերելն ամենուս պարտքն է»։

Սերն ալ ճիշտ գինիի պես է, եփածն ալ կա չեփածն ալ. անուշեն ալ կը գտնվի, կծուեն ալ. է որ հիննալով ավելի պատվական կըլլա, և է, որ երթալով քացախ կը դառնա։

Դեմքի գեղեցկությունն կնկան մը շուրջառն է, անոր բոլոր տգեղ բնավորություններն կը ծածկե։

Երկրորդ անգամ ամուսնացող կինն առաջին անգամ ամուսնացող կինեն ավելի օգտակար և պատվավոր համարվելու է. որովհետև գրքի մը երկրորդ տպագրությունն անոր առաջին տպագրության աղեկ ընդունելություն գտած կապացուցանե։

Սերերու սերն ձմեռ ատեն ջերմոցներու մեջ բացված ծաղիկներու կը նմանի, ամառվանին ոչ հոտն ունի, ոչ կյանքը։

Սիրահարությունն ամուսնության հառաջաբանն է կըսեն, ուստի մեղադրելի են այն երիտասարդներն, որ չեն կրնար շուտ լմնցնել այս հառաջաբանն և երբեմն ալ անով կանցունեն իրենց բոլոր կյանքը։

Աղջկան մը վրա ամենափոքր արատ մը վաճառականի մը օր-հաշվույն մեջ քերթված մէ, որ տետրակին պատիվը կը կոտրե և անընդունելի կընե զայն։


ԹՌՉՈԻՆՆԵՐՈԻՆ ՍՈՒԳԸ

Ծիծաղ — Ինչո՞ւ սևերու մեջ փաթտված կուլաս, Շահեն և դու Բազե, և դու Ուրուր:

Շահեն — Միթե կարելի՞ է չլալ։ Ա՛հ, անգլուխ մենք ալ