Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շահեն — Հիշեցի։

Բազե — Դուն կուզեիր երեք քառորդն առնել և մեկ քառորդն ինձի թողուլ։ Ես կը հակառակեի։ Դուն կը պնդեիր։ Ես կըսեի, թե աշխատությունն քաջալերելու համար հարկ է, որ կեսվակես առնենք։ Դու կառարկեիր, թե ավելի աշխատած ես և հետևապես ավելի բաժին առնելու իրավունք ունիս։ Վիճաբանությունը մեծցավ, և մազ մնացեր էր, որ իրարու գլուխ փրցնեինք, երբ վերեն լսելով մեր ձայնն՝ վար իջավ և առանց մեր կռվույն պատճառն հարցնելու հաշտեցուր զմեզ։ Ի՞նչ վեհանձն սիրտ... ա՜հ, որչափ լանք, որչափ ողբանք, դարձյալ քիչ է։ Ասանկ առաքինի և պատկառելի թռչուն մը գտնելն դյուրին չէ։

Ուրուր — Շատ անգամ անոր բերնին պատառն սխալմամբ իմ բերանս կը տանեի և բերանը չէր բանար։

Ծիծաղ — Վախ, վախ, վախ...

Հաճեն — Այսուամենայնիվ ամենքդ ալ ինձի կը հակառակեիք։ Ես ձեզի կըսեի, որ երկու երեք հոգի համաձայնինք մեր մեջ և առանց իմաց տալու մեր մյուս ընկերներուն՝ որ ավարառության կարևորություն չեն տար՝ գործենք, աշխատինք մեր քսակներն ու սնտուկներն լեցնելու, իսկ դուք մտիկ չէիք ըներ։

Բազե — Որովհետև կուզեիր որ միայն դուն կողոպտես և մենք հովի բանանք մեր բերանը։

Հաճեն — Ամենևին, միայն թե ես ձեզմե ավելի շահելու հարմարություն և իրավունք ունեի. սակայն բնավ նպատակ չունեի զձեզ կողոպուտե զրկելու։

Ուրուր — Ես ձեր և ոչ մեկուն խոսքին հավատալով իմ գործս կը կարգադրեի շատ անգամ, շատ անգամ կեդրոնական բույնին մեջ գտնված ավելորդ սպասներն իմ բույնս կը փոխադրեի։

Բազե — Ես ալ ժամավաճառ եղած չեմ. բույնս բավական պաշարներով լեցուցած եմ։

Հաճեն — Ա՛լ մոռնանք այն օրերն, ո՜հ, կորսնցուցինք այդ ազնիվ թռչունը։

Ուրուր — Թեև հիմա ալ գործ կը տեսնենք, բայց ապագան մութ կերևի ինձ։