Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԿԱՏՈՂՈԻԹՅՈԻՆ

Գորտերու մաթիք խորհուրդը ուսուցիչ պատրաստելու սահմանված վարժարանի մը ծրագիր կը խմբագրե և կը հանձնե զայն գորտերու գործիչ ժողովույն, որ անմիջապես կը պատասխանե թե նկատողության առնված է... մեծ ավետիս... մաթիք խորհուրդն ուրախութենե կերգե, քիչ մալ կը պարե, որովհետև շատուց ի վեր նկատողության առնված չէր ասանկ ծրագիր մը։ Մեկ երկու ամիսներ կը գլորին, կանցնին։ Ի՞նչ վնաս ունի. չէ՞ որ նկատողության առնված է։ Բայց մաթիք խորհուրդն անհամբեր է, կը փափագի գիտնալ, թե ի՞նչ արդյունք ունեցավ այդ նկատողությունն. ուստի օր մը կը ներկայանա գործող ժողովույն և կը հարցունե.

— Ի՞նչ եղավ մեր ծրագիրն։

— Ո՞ր ծրագիրն, սա պակլա հասցնելու համար ծրագիր մը կար, ա՞ն է։

— Ան չէ։

— Մեկենիմեկ հարստանալու ծրագի՞րն է:

— Չէ:

— Շոգեկառք վարձելո՞ ւ ծրագիր։

— Չէ։

— Գետի վրա շոգենավ բանեցնելո՞ւ ծրագիր։

— Չէ։

— Շատ բան, ելմտացույցի՞ ծրագիր։

— Ամենևին։

— Ո՞րն է ուրեմն։

— Վարժապետանոցի ծրագիր։

— Մենք անանկ բան չտեսանք։ Դիվանադպրին հարցանենք նայինք, ի՞նչ եղեր է այս ծրագիրն։ Դուք քիչ մը նստեցեք։

Դիվանապետը կուգա։

— Այս գորտերուն ծրագիրն ո՞ւր է։

— Հոս է։

Դիվանապետը կերթա դիվանատուն, երկու ժամվան մեջ գտնել կուտա ծրագիրն և վրայի փոշիներն մաքրելով ներս կը տանի.