Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ահավասիկ ծրագիրն։

— Հրամմեցե՛ք, առեք ձեր ծրագիրն և վստահ եղեք, որ այստեղ բան մը չկորսվիր. առանց կասկածի կրնաք ուրիշ ծրագրեր ալ բերել հոս, եթե ունիք։

Մենք ծրագիրն ետ առնելու համար չեկանք հոս։

— Ի՞նչ բանի համար եկաք ուրեմն։

— Հասկնալու համար, թե ինչ ըրիք այդ ծրագիրն։

— Ի՞նչ պիտի ընենք, եղբայրնե՛ր, ձեր ծրագիրն խնամով պահված է դիվանադպրին քով։ Ձեր ծրագիրն ուտելու չենք...

— Ատ ըսել չենք ուզեր։

— Ի՞նչ ըսել կ՝ուզեք հապա։

— Ի՞նչ որոշում տրվեցավ այդ մասին։

— Որոշո՞ւմ պիտի տրվիր այդ մասին։

— Չէի՜ք գիտեր...

— Դիվանադպիր, ի՞նչ որոշում կա այդ, մասին։

— Նկատողության առնված է, կը պատասխանե դիվանադպիրն։

— Ուրեմն գործը մեզմե ելած է, կ՝ըսե գործողն, ինչպես կը լսեք նկատողության առնված է եղեր։ Գործերն հոս ուղղությամբ և կանոնավորությամբ կընթանան։

— Ե՞րբ գանք պատասխան առնելու։

— Իկոնոմոսին պիտի հանձնվի, կ՝ըսե դպիրն, և կրնաք ամիսե մը դիմել անոր, պատասխան ընդունելու համար։

Մաթիք խորհուրդն այս պատասխանն առնելով կը հեռա նա և ամիսե մը ետքը կը ներկայանա Իկոնոմոսին։

— Ծրագիր մը եկա՞վ հոս։

— Քանի՞ տարեկան։

— Տարիքն ի՞նչ Է, ծրագիր մը չեկա՞վ հոս։

— Բա՞րձր հասակով։

— Ծրագիր մը տարիք, հասակ կունենա՞։

— Ինչո՞ւ չունենա, գույն անգամ կ՝ունենա. ես ծրագիրներ ցույց տամ ձեզ, որ քառասուն տարվան են և հոս կը մնան, անանկ ծրագիրներ, որ երեք ու կես կանգուն բարձրություն ունին, և փոշիներու մեջ թաղված մնալով անանկ սևցեր կամ դեղնցեր են, որ ճանչցվելու համար մեծ նեղություն կը կրեն։ Ատոր համար կը հարցունեմ, թե քանի տարեկան է. ձեր ծրագիրն։