Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Բարոյական — Վերջապես թույլ չպի՞տի տաս, որ քեզմե բաժնվիմ և լավագույն ասպարեզի մը մեջ երթամ փնտրեմ բախտս։

Ծիծաղ — Դարձյա՞լ միտքդ փսխեցիր. շահավոր գո՞րծ մը գտար։

Բարոյական — Այո՛, խիստ շահավոր։

Ծիծաղ — Ի՞նչ է։

Բարոյական — Բժշկություն պիտի ընեմ։

Ծիծաղ — Կարդացա՞ծ ես բժշկությունը։

Բարոյական — Ի՞նչ հարկ կա կարդալու, բավական է, որ հաստատուն կամք և անհողդողդ միտք ունենամ, մեռցունելով, մեռցունելով կը սորվիմ։

Ծիծաղ — Մի՛ կարծեր, թե բոլոր բժիշկներն լավ կապրին, անոնց մեջ ալ աղքատներ կան։

Բարոյական — Ես ուրիշ բան պիտի ընեմ։ Դեղագործի մը հետ ընկեր պիտի ըլլամ և պիտի աշխատիմ միշտ սուղ դեղեր գրել, որպեսզի դեղագործիս ձեռքը ստակ գա և անոր կեսն ինձի տա։ Ասկից զատ դեղագործն՝ որու հետ պիտի ընկերանամ՝ Եվրոպայեն շատ մը պատրաստված դեղեր բերած է շիշերով և չկրնար սպառել զանոնք, ես պիտի ջանամ զանոնք լմնցնել, ամեն հիվանդին նույն դեղեն տալով և ապսպրելով, որ իմ դեղագործես առնեն։

Ծիծաղ — Միևնույն դեղն ամեն հիվանդի կուգա՞։

Բարոյական — Եթե հարկը պահանջե, ինչո՞ւ չպիտի գա. մեղք չէ խեղճ դեղագործին, ի՞նչ ընե Եվրոպայեն բերած դեղերը, ի՞նքը խմե։

Ծիծաղ — Իմ խելքս չհասնիր ասանկ առուտուրներուն։

Բարոյական — Այսուամենայնիվ բժիշկներեն ոմանց առուտուրն ասանկ է. իրենց դեղագործին անվաճառ դեղերն սպառելու կաշխատին, և հիվանդներն ալ չեն հակառակիր։

Ծիծաղ — Եթե այդ դեղագործներեն միույն քով տակառներով անգլիական աղ գտնվեր՝ անոր բժիշկն միշտ այն դեղեն պիտի գրեր հիվանդներուն։

Բարոյական — Իհարկե, եթե պայմանագրություն մը ստո-