Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի առաջարկեիր զքեզ ընտրողներուն. «Կենդանինե՛ր, ուրախ եմ, որ զիս ձեր թաղին ներկայացուցիչ ընտրած եք. կընդունիմ ձեր ինձի ըրած պատիվն, սա պայմանավ, որ նախապես խոսք տաք ինձ թե երբ մեռնիմ պիտի հաճիք մարմինս թաղել ձեր գյուղին ուռենիին տակ, որուն սիրահարած եմ», և միևնույն վայրկենին նամակ մալ պիտի գրեիր մյուս թաղին՝ եթե երկու թաղե ընտրված ըլլայիր՝ և պիտի հայտնեիր, թե սիրով ընդունած ես այդ թաղին երեսփոխանությունն։

Կաչաղակ — Իսկ եթե ուռենիական առաջարկությունս ընդունվեր...

Ծիծաղ — Այն ատեն երկու թաղն միանգամայն կը ներկայացնեիր և կամ երկուքեն մեկուն անընդունելի առաջարկություն մը կընեիր։

Կաչաղակ — Բայց ի՞նչ կը շահիմ ուռենիի տակը թաղվելով։ Ես ասանկ պայմաններու կարևորություն չեմ տար. իմ պայմաններս դրական են։

Ծիծաղ — Պատմե՝ ուրեմն ինձ, ի՞նչ պայմաններով ընտըրվեցար դուն։

Կաչաղակ — Ահա իմ պայմանագրությունս. «Մեծապատիվ պարոն Կաչաղակին և անոր տասնևչորս ընտրողներուն մեջտեղ հետևյալ պայմանագրությունն կնքված է միաձայն հավանությամբ. Հոդ. Ա.— Կաչաղակն պարտավոր է չորս ընտրողներուն յուրաքանչյուրին ամեն իրիկուն հիսնական տրամ օղի խմեցնել երեք տարի։ Հող. Բ.— Պարտավոր է երկու ընտրողներուն ածուխի ծախքը վճարել չորս տարի։ Հող. Գ. Նույնպես հանձն կ՝առնու հինգ ընտրողներուն միայն հինգ զավակներուն դպրոցի թոշակները հատուցանել հինգ տարի։ Հոդ. Դ.— Մեկ ընտրողին աղջկան ծանր շրջազգեստ մը շինել։ Հող. Ե.— Մեկ հատին երեք տարվան փայտին ծախքը հոգալ։ Հող. Զ.— Մեկ հատին ալ տասը տարիե ի վեր դիզված սափրիչի պարտքը հատուցանել։ Հող. է.— Մնացած մեկ հատին ալ երկու տարի երեսունհինգնոց ծխախոտեն շաբաթը չորս տուփ տալ։ Սույն պայմանագիրն երկու օրինակ գրվելով ստորագրողներու մեջ փոխանակված է»։ Եվ այս պայմանագրութենե հետո ընտրողներն իրենց ձեռքը իրենց խղճին վրա