Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դնելով գյուղին մեջ ինձմե ավելի պատվափոր, ինձմե ավելի անշահասեր, ինձմե ավելի ուղղախոհ և ողջամիտ կենդանի մը չկրցին գտնել, որ ինձի չափ տրամադրութիւն ցույց տար իր նմաններուն փայտն, ածուխն, ծխախոտն, շրջազգեստն, մորուքն, և օղին պաշտպանելու։ Ընտրությունս խիստ օրինավոր գտնվեցավ։ Այժմ կսպասեմ նամակի մը, որ հրավիրե զիս ազգասիրական պարտականությունս կատարելու փութալ։

Ծիծաղ — Կարծեմ ձեր ընտրողներն իրենց ձեռքն ուրիշին խղճին վրա դնելով ձեզի քվե տվեր են... բայց դու ի՞նչ պատճառավ այնքան ծանր պայմաններու տակ մտած ես. ի՞նչ կրնաս շահիլ կենդանիներու ժողովեն, հոն առուտուր չըլլար, հոն ապրանք չվաճառվիր, ո՛չ ալ կը գնվի։

Կաչաղակ — Կենդանիներու ժողովին մեջ է, որ կըլլան մեծ առուտուրները։

Ծիծաղ — Ատենաբանությունն դրամով կը վաճառվի։

Կաչաղակ — Անշուշտ. ատենաբանություններն ամենեն ավելի քշվող ապրանքներն են այսօր. ատենաբանություն կա, որ կենդանիի մը տասը տարվան ծախքը կը գոցե, թեպետև ատենաբանություն ալ կա, որ ավելի նվազ շահ կը բերե։

Ծիծաղ — Ընդհանուր կենդանիներուն, այնպես չէ՞։

Կաչաղակ — Առաջ մասն տվողներուն և հետո ընդհանուրին։

Ծիծաղ — Դու ի՞նչ ատենաբանություն պիտի ընես առջի անգամ։

Կաչաղակ — Իմ ընելիք ատենաբանությունս գլխավորապես սա կետին վրա պիտի խոսի, թե ժողովն պարտավոր է. յուր բոլոր ուշադրությունն դրամական խնդիրներու վրա դարձունել։ Այս հայտարարութենե անմիջապես ետքը պիտի սկսիմ հարցումներ ընել։

Ծիծաղ — Այսինքն, իրա՞վ է այն զրույցն, թե պարոն Առյուծն տկար է։

Կաչաղակ — Անանկ հարցում չեմ ըներ։

Ծիծաղ — Կամ, իրա՞վ է այն զրույցն, թե պարոն Փիղը երկաթի պես առողջ է։

Կաչաղակ — Ոչ ալ այս տեսակ հարցումներ։

Ծիծաղ — Կամ ճշմարիտ է, թե մեր ընկերներեն մին յուր