Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցապնդողն. — Այո՛, ես էի. — Իրավունք չունիք այդ հարցապնդման մեջ։ Բայց ինչ որ է, ես ասոր համար չեկա, այլ եկա մասնավորապես ձեզի աղաչելու համար, որ հիսուն ոսկինոց զույգ մը օղ տաք ինձի. — Շատ լավ... ի վերա այսր ամենայնի կարծեմ թե հարցապնդումս ալ վնասակար բան մը չէր։ Սա օղերն ի՞նչպես են, կը հավնի՞ք. — Գեշ չեն.— Գնեցեք ուրեմն ասոնք, հիսուն ոսկիի կուտամ ձեզ, թեև օտարի մը հարյուրեն վար չէի ծախեր. — Շնորհակալ եմ, համրեցե՛ք սա ոսկիներն»։ Դրացի ոսկերիչներն իզուր կը պոռան. «Այդ զույգ մը օղն շատ սուղ առիք, քսան ոսկիի անկեց աղեկը կուտամ ես», ո՛, անմիտներ, առանց հարցապնդումի օ՞ղ կը վաճառվի։ Հետևյալ նիստին հարցապնդման պատասխանը կուգա, հարցապնդողն վստահության քվե կ՝առաջարկն և կը պնդե, որ շնորհակալության գիր մալ ուղղվի այն հարցապնդման ենթակային։ Ենթադրենք թե հարցապնդողն դերձակ մ՝է, քանի մ՝օր ետքը հարցապնդումեն շահ ունեցող կենդանին կը ներկայանա հարցապնդողին. «— Կարծեմ դուք առջի օրը հարցապնդում մ՝ըրիք. — Այո՛, որովհետև խնդիրն կենսական էր, դուք բավական գումար մը սխալմամբ ձեր քով պահած եք. — Ձեզի շատ սխալ տեղեկություն տված են, կը ցավիմ, որ դյուրահավան եք և ամեն խոսքի կը հավատաք։ Գիտէ՞ք ինչու համար եկա, ձեռք մը լաթ կուզեի կարել տալ.— Շատ աղեկ, մենք կը կտրենք.— Բայց կաղաչեմ, որ ուշադրություն ընեք կտավին. — Հոգ մի՛ ընեք, չափն առնեմ.— Առեք.— Առի.— Ի՞նչ պիտի վճարենք.— Տասն ոսկի.— Համրեցեք.— Շնորհակալ եմ.— Ե՞րբ գանք առնելու.— Չորս օրեն.— Մնաք բարով.— Երթաք բարով»։ Դերձակն տասն ոսկին կառնե քանի մը շաբթվան մեջ կը լմնցնե։ Առտու մը կելնե և կը նայի, որ գրպանը լումա մը չկա, չորս կողմ կը վազե կսկսի գրգռել ընկերներն, թե կենսական խնդիրներ կան և դիտմամբ ի նիստ չեն հրավիրեր կենդանիներն։ Մեկ քանի կենդանիներ կը համոզվին և ստորագրություն կը ժողվեն գումարումը փութացնելու համար։ Կը հաջողին, հրավիրագիրները կը գրվին, կը ցրվվին։ Բոլոր կենդանիները հետաքրքրությամբ կենդանիներու ժողովն կը վազեն հասկնալու համար կենսական խնդիրն։ Ատ—