Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կաչաղակ — Ի՞նչ վնաս կը կրե մեկը, երբ պերճախոս ատենաբանի մը համբավ ստանա, բնավ օգուտ չունի՞ լավ համարակալի անուն վաստկիլն. վնասակա՞ր բան է մեծ կենդանիներու ծանօթանալն, քի՞չ պատիվ է, երբ ըսվի մեկուն համար, թե աթոռակով մը կենդանիներու ժողովն ցիրուցան ըրավ։ Դուն ասոնց կարևորություն չես տար, բայց կենդանիներ կան, որ ասանկ բաներու համար իրենց հոգին կուտան, Ծիծաղ։

Ծիծաղ — Թող տան, ես կը ծիծաղիմ անոնց վրա։

Կաչաղակ — Անոնք ալ կուլան քու վրադ։

Ծիծաղ — Որո՞ւ հոգ, սակայն ես չէի կարծեր, թե կենդանիներուն ժողովույն մեջ այս տեսակ առուտուրներ կըլլան։ Շիլլերի ավազակներուն մեջ ինչո՞ւ ուրեմն անցած չեն շահու նպատակավ հարցապնդող կենդանիներն, որ իրենց նմաններուն շահն և օգուտը խորհելու պաշտոն կստանձնեն։

Կաչաղակ — Չեմ գիտեր, միայն քեզի քիչ մը տեղեկություն տալու համար այսչափ խոսեցա. չմոռնանք սակայն, թե ինչպես ըսի արդեն, կան նաև անանկ կենդանիներ, որ առանց ոևէ շահու ակնկալության կը հարցապնդեն, և ցավալին այն է, որ ասոնք հանցավոր կը գատվին։

Ծիծաղ — Դուն ո՞ր կարգեն պիտի ըլլաս։

Կաչաղակ — Ես առանց շահու չեմ կրնար խոսիլ, պիտի ջանամ կարելի եղածին չափ վաստկիլ, ինչո՞ւ անկեղծորեն չխոստովանիմ։

Ծիծաղ — Անկեղծություն մը, որ պատիվ չբերեր քեզ։ Եվ խեղճ կենդանիները կը կարծեն, թե իրենց համար խորհող կա։

Կաչաղակ — Մնաք բարով։

Ծիծաղ — Երթաք բարով։

Բարոյական — Խիստ քիչ են այն անձերն, որ անձնվիրությամբ ուրիշին օգտին համար կաշխատին։


ԲԱՆԱԴԱՏՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Կրիտիկ — Եզոբոսն և Լաֆոնթենն շատ անբարոյական բարոյականներ հանած են իրենց առակներեն։

Ծիծաղ — Մեկ հատն ըսե՛ նայիմ։