Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կարծիքներն բնավ մտիկ չեն ըլլվիր իբրև անպիտան, և փառավորապես հագված կենդանիներուն խորհուրդներն մեծ փափագով կը լսվին։ Նույնիսկ հաճախ իմաստասիրական տեսություն մը կամ բանադատություն մը յուր հեղինակին հագած թիկնոցեն կը դատվի։ Եվ այս ամենը ցույց կուտա, թե մերկությունն կամ հին և պատռտած հագուստն աննդունակ են զարգացման և թե անհնար է ծակված կոշիկե լուսամիտ գաղափարներ սպասել, ինչպես կարելի չէ թանկագին կերպասներեն անճոռնի ատենաբանություններ լսել։ Տասնևիններորդ դարուս մեջ խիստ մեծ է հագուստին պաշտոնը։

Ծիծաղ — Գիտությունն կոշիկի՞ մեջ է։

Կապիկ — Հագուստն է, որ մեզ կը ցուցնե, թե այս ինչ կենդանին աշխարհե քաշված է, թե բարի վարուց և բարուց կեդրոն է, թե հարստության փափագ չունի, թե աչերն վեր չառներ վախնալով, թե իգական սեռե կենդանիի մը կը նայի, թե սիրո նամակներու վրա գաղափար չունի, թե առնելիք և պարտք չունի, և թե, վերջապես, հանդերձյալ կյանքին վրա դրած է. յուր բոլոր հույսն։

Ծիծաղ — Հագուստին ձև՞ն է, որ այնքան բարի կընե զանոնք։

Կապիկ — Անշուշտ. հագցուր անոնց պարահանդեսի զգեստ և կը տեսնես, թե ինչպես կը պարեն, կերգեն, կը ցատկեն, կը սիրեն, կը խմեն, պարտքեր կը դիզեն, և արդյունավոր հայրեր կըլլան։

Ծիծաղ — Շատ սխալ կը մեկնեք հագուստին պաշտոնը։

Կապիկ — Բժշկական գիտության մեջ ևս կարևոր տեղ կը գրավե լաթը: Բժիշկներն հասկնալու համար թե դիակ մը ինքնասպան է կամ սպաննված է անոր հագուստներն կը քննեն, կը կտրեն և կը տարրալուծեն. և եթե մերկ դիակ մը քննելու հրավիրվին՝ շատ անգամ չեն կրնար վճռել, թե խեղճն ոճրագործության զոհ գնացած է թե ինքնամահ գաղթած է անդիի աշխարհ, թեև՝ եթե չորս կտոր եղած դիակի մը առջև գտնվին՝ հետ երկար խորհրդակցության կը վճռեն, թե ուրիշե մը սպաննված է դժբախտ կենդանին։

Ծիծաղ — Զարմանալի խոսքեր կընես։