Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապիկ — Հագուստն է, որ մեզի կիմացունե, թե այսինչ կենդանին լավ տնտեսագետ է, թե անոր տված խորհուրդներն էուրջ նկատողության առնվելու են. ա՜հ, որքան կենդանիներ կը ճանչնամ, որ ինձի չափ խելք պիտի չունենային, եթե մերկանային իրենց հագուստներեն։

Ծիծաղ — Ըսել է՝ թե բաղանիքի մեջ մտիկ ըլլվելու կենդանիներ չեն անոնք։

Կապիկ — Հագուստն մեզ կը ծանուցանե, թե այսինչ կենդանին ընկերության մեջ մտնելու իրավունք չունի, թե տգետ, անբարոյական և անպիտան է այն, և թե բարևելն իսկ հանցանք է այն կենդանիին, որ ճոխ հագուստով չկրնար ներկայանալ ազնվականներու ընկերություններուն։

Ծիծաղ — Հագո՞ւստն է, որ ազնվականություն կը սորվեցնե։

Կապիկ — Այո՛, և միմիայն հագուստն։ Անցնինք։ Երբ կենդանին առաջարկություն մը կը ներկայացնե ժողովո մը մեջ, պարտավոր է լավ հագված ըլլալ, որպեսզի յուր առաջարկությունն լսվելու պատվույն արժանանա։ Շատ անգամ լսած եմ սա խոսքը թե «Աա խեղճ կենդանիին առաջարկությունն կրնար օրինավոր ըլլալ, եթե խեղճին հագուստն մաշած ու գունաթափ եղած չըլլար»։ Արդ, ըսել է թե նոր հագուստն պերճախոս է, համոզիչ է և վերջապես ունի ազդեցություն մը հռետորական արհեստին մեջ։ Ինչո՞ւ հեռու երթանք, հինցած հագուստի մեջ փաթտվողն համարձակություն չունի, կը թոթովե և չկրնար միտքը բացատրել, մինչդեռ նոր կարված զգեստ հագնողն արձակ համարձակ կը խոսի առանց քաշվելու։ Կրնա՞ս ուրանալ հանդերձին այս հատկություններն, որոնց ականատես կ՝ըլլանք ամեն օր։

Ծիծաղ — Այո՛, կրնամ ուրանալ։

Կապիկ — Ինչո՞ւ ուրեմն լավ հագվողներն միշտ կը հրավիրվին խորհրդակցության և գեշ հագուստներն կը մոռցվին։

Ծիծաղ — Շատախոսություն կ՚ընես, կա՛պիկ...

Կապիկ — Այս՛, որովհետև հագված չեմ և...

Ծիծաղ — Ենթադրենք թե այսօր կը փափագիմ ես նավապետ ըլլալ, կրնա՞մ փափագիս հասնիլ առանց նախապես ուսում առնելու նավային վարժարանի մը մեջ։