Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապիկ — Այո՛, շատ դյուրությամբ։

Ծիծաղ — Ի՞նչպես։

Կապիկ — Նավապետի գլխարկ մը կը դնես, գլուխդ կանցունես, կը լմննա, կերթա։

Ծիծաղ — Ի՞նչ կըսես, գիտությունն գլխուն մեջ է և ոչ թե գլխարկին։

Կապիկ — Գլխարկին մեջ է, գլխարկին... ամեն ժամ տեսած բանիս վրա չեմ կրնար երկմտիլ։

Ծիծաղ — Եթե նավն, զոր կը վարեմ ցամաքը նստի։

Կապիկ — Գլխարկ մալ նավուն կանցունես...

Ծիծաղ — Դուն արդեն վարժված ես ամեն բան կեղևեն դատել, գիտե՞ս, ատենոք մոգական լապտերով տեսարաններ ցույց տալ փորձեցիր և չհաջողեցար։ Ուստի կը խրատեմ քեզի, որ քիչ մը դատողությամբ խոսիս։ Հագուստներն կրնան հարգվիլ, ատիկա լոկ առևտրական խնդիր մէ, շահու խնդիր է։ Կատվին մուշտակն և շանն միևնույն գնով չեն վաճառվիր, անշուշտ առաջնույն գինն շատ բարձր է, այսուամենայնիվ, ոչ ոք յուր տանը մեջ շուն կը պահե մուկերը ջնջելու համար և չկա որսորդ մը, որ որսի ելած ժամանակ հետը կատու տանի։ Աս է շան պաշտոնն և այլ է կատվինը։

Կապիկ — Ծիծաղ, կերևի թե դուն կը քնանաս, որովհետև չես տեսներ բոլորտիքդ անցած և անցնող դեպքերը. որքան կատուներ մսեղենի վրա հսկելու պաշտոն ստանձնած են, որքան կրիաներ կընկերակցին որսորդներուն նապաստակ բռնելու համար, ինչքան գորտեր վանդակներու մեջ կը պահվին, որպեսզի գեղգեղած այն երգեն, որքան ուղտեր փեթակներու մեջ կը դրվին մեղր շինելու համար։

Ծիծաղ — Միտքդ կատակաբանել է, կարծեմ։

Կապիկ — Ամենևին, իրողություններ կը պատմեմ։

Ծիծաղ — Չեմ կրնար հավատալ։

Կապիկ — Ես կը հավատամ։ Համոզված եմ, որ հագուստներն սերտ առնչություն ունին ուղեղին հետ, թե կենդանի մը կրնա բժշկի հագուստ հագնելով բժիշկ ըլլալ և տնտեսագետի մը պես հագվելով տնտեսագիտության դասատու ըլլալ։

Ծիծաղ — Ի՞նչ գիտություն սորվեցնող լաթ պիտի հագնիս։

Կապիկ — Ամենեն ավելի հարգելին, ամենուն վրա տիրողն. փիլիսոփայություն...