Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Լա՛վ. գնա՛, հագի՛ր, եկուր և մեզի ալ քիչ մը դաս տուր։

Կապիկ — Դուն ծաղրե, կը տեսնես, ո՛րչափ առաջ պիտի երթամ...

Ծիծաղ — Խենթություններու մեջ։

Կապիկ — Քանի մօրեն կուգամ և կը տեսնվինք։

Ծիծաղ — Շատ աղեկ, կը զվարճանանք։

Բարոյական — Ցավալի է, որ գիտունի գրչով լուծվելիք խնդիրներն դերձակի մկրատով կը կտրվին շատ անգամ։


ԾԻԾԱՂ ԵՎ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ

Ծիծաղ —Ո՛, խենթություն, ե՞րբ խելքդ գլուխդ պիտի գա, ե՞րբ պիտի զգաստանաս և հարվածներդ պիտի դադրեցնես։

Խենթություն — Ի՞նչ ըրած ունիմ, որո՞ւ վնաս հասուցած եմ։

Ծիծաղ — Դեռ ի՞նչ պիտի ընես, քիչ կենդանիներ կը չարչարես։

Խենթություն — Ոչ զոք կը չարչարեմ ես. ընդհակառակն զիս պատվողներուն հանգստություն և երջանկություն կը պարգևեմ։ Խենթությունն ալեկոծյալ մտքերու նավահանգիստն է, և երանի անոնց, որ անվտանգ կը հասնին այս նավահանգիստն և խարիսխ կը նետեն հոն։

Ծիծաղ — Նավահանգստի՞ մեջ կը կարծես այն կենդանին, որ ինքնիրեն կը խոսի, ինքզինքին հարցումներ կուղղե և անոնց կը պատասխանե՝ կարծելով, թե ուրիշ մը կա դիմացը։

Խենթություն — Այո՛, նավահանգստին մեջ է և բնավ չտանջվիր այն կենդանիին պես, որ ահագին հատորներ կը թղթատե, բառարաններու մեջ կը խղդվի, մինչև առտու աչքի լույս կը թափե, կը չարչարվի՝ թե ի՛նչ ձևով և քանի՛ սյունակով հասկցունե արևուն մարը մտնելը, թե ի՛նչպես ընե, որ յուր այլաբանության ընթերցումն այնչափ երկար տևե, որպեսզի ընթերցողն մինչև որ արևուն մարը մտնելը հասկնա, առտոտ ըլլա և արևը ծագի։ Կը տեսնեք, որ խելացիներն են տանջվողները։