Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սնունդ համբարելեն ետքը դեռ կաշխատին անդուլ անդադար պաշարներով լեցնել իրենց շտեմարաններն և այս աշխարհին մեջ մեծ անուն հանելու համար գիշերները չեն քնանար իրենց անվան հավասար մեծությամբ անուններն կոտորակի վերածելու միջոցներ գտնելու ախտով։ Կիմանաք թե որքան նեղություն և վիշտ ունի խելքը և թե որքան ծաղու արժանի են խելացիները... ծաղրելի արարածներ...

Ծիծաղ — Իսկ խենթ կենդանինե՞րը։

Խենթություն — Անոնք գովեստներու արժանի են և եթե էրազմը այս պաշտոնը կատարած չըլլար ես մինչև երկինք կը բարձրացնեի խենթերը։ Ամենեն երջանիկ կյանք վարողն ամենեն խենթն է, ապերջանիկն այն է, որ հորդաբուխ զգացումներու ակն մը կը կրե յուր սրտին մեջ և, անապատ մը յուր քսակին մեջ, խեղճը հարուստ կենդանիի մը կը դիմե և կըսե, «Կամ զգացումներս ա՛ռ կամ քսակդ ինձի տուր». ոչ խեղճին զգացումները կառնե ոչ ալ քսակը կուտա։ Իսկ խենթն այն զգացումները չունի և չզգացված հաճույքներե զրկվիլն թշվառություն չէ։ Անհոգ և միօրինակ կյանք, այս է ահա իմ պարգևս, զոր դու հարված կանվանես, պարգև, որու շնորհիվ բնավ հոգ չըներ, թե ինչո՛ւ այս կենդանին տարին միլիոն մը ոսկի շահի և ինքը տանը ծախքը չկարենա գոցել, թե ինչո՛ւ այն կենդանին ամեն օր լրագիրներու մեջ փառավորվի և իրեն անունն անգամ չհիշվի. թե ինչո՛ւ այնինչ կենդանին լորամարգի ուտե և ինքն պակլայով ապրի, թե ինչո՛ւ այսինչ կենդանին գրական մեծ համբավ վայելե և իրեն կարևորություն չտրվի. թե ինչո՛ւ այն կենդանին ամեն օր շապիկ փոխե և ինքն ամիսներով մեկ շապիկով անցունե, թե ինչո՛ւ անոր գետնեն բարև տան և զինքն քթի ծայրով ողջ ունեն. թե ինչո՛ւ անոր կինն գեր և իրենը նիհար կամ անորը նիհար և իրենր գեր ըլլա, թե ինչո՛ւ իրեն պեխերը բուսած չըլլան և իրեն հասակակիցն սև պեխերով օժտված լինի, թե ինչո՛ւ ինքը տենդ ունենա և այնինչ կենդանին թոքախտ չըլլա, այս հոգերեն զերծ է։ Խիղճը հանդարտ է։ Սևին ճերմակ կըսեն, կապույտ կըսեն, կարմիր կըսեն, ի բաց առյալ սևն ամեն գույնով կը կոչեն զայն, ասոնք կը լսե և մարելիք չգար վրան։ Հանուն անձնվիրության գողություններ կը տեսնե և կաթվա-