Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծահար չըլլար։ Ո՞ր մեկն ըսեմ, և մի՞թե կրնամ համրել խենթության օգուտները։

Ծիծաղ — Իրա՞վ կ՝ըսես, թե մարելիք չգար վրան, երբ սևին ճերմակ կըսեն։

Խենթություն — Շատ իրավ։

Ծիծաղ — Ճշմարի՞տ է, որ կաթվածահար չըլլար, երբ գողություններ տեսնե հանուն անձնվիրության գործված։

Խենթություն — Բարեբախտաբար շատ ճշմարիտ. և չո՞ւ համար ասանկ դեպքերու մեջ միշտ կըսեն «Խենթենալու բան է աս», այսինքն խենթանալ պետք է դիմանալու համար։

Ծիծաղ — Ի՞նչ ընելու է խենթի վկայագիր մառնելու համար։

Խենթություն — Եվրոպա երթալու է։

Ծիծաղ — Անցյալները մեկն գնաց խենթի վկայական ուզելու և ձեռնունայն ետ դարձավ. չտվին անոր, կերևի, թե լավ չէր ուսած խենթությունը։

Խենթություն — Ուրեմն շատ խելացի չէ եղեր, որ չէ կրցած վկայագիր առնել։

Ծիծաղ — Ի՞նչ է խենթության վարժարանին ուսման շրջանը։

Խենթություն — Չափազանց սեր դրամի կամ փառաց կամ կնկան կամ գրաբարի կամ աշխարհաբարի կամ ձկնորսության կամ օղիի կամ երաժշտության կամ հեղինակության կամ ակնոցի կամ վերջապես ասանկ բանի մը։ Եթե խելացի ես՝ կատարյալ խենթ մը կրնաս ըլլալ, իսկ եթե քիչ խելք ունիս՝ արդեն երեք քառորդ խենթ ես, և, հետևապես, միշտ երջանիկ։ Բայց նախ ապսպրե՛, որ խենթություն չընեն և քեզի համար բժիշկ բերել չտան... ինչո՞ւ արթնցնել հանգիստ քնացող տղան։

Ծիծաղ — Խենթության այսչափ աղեկ բան ըլլալը չէի գիտեր։

Խենթություն — Կարծիքներն ազատ են, և ես չեմ. կարող իմ վրա ձեզի պես խորհիլ։ Միայն սա գիտեմ, որ կենդանիներն մեծ մասամբ գոհ են ինձմե, վասնզի ինձի վայել գօրծերու մեջ կը տեսնեմ զանոնք ամեն օր։

Բարոյական — Շատ զգացումներուն վիշտերն ալ շատ կ՝ըլլան։