Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Կուզե՞ս գեր մարդերը նիհարցնել, խոսք հասկնալ չուզող կին մը տուր անոնց։

Աղջիկները պսակի արարողության այնպես կը նային, ինչպես պզտիկ տղաներն անուշեղենի խանութին։

էրիկը թողլով փախչող կինը նորեն ամուսնույն քով տանիլն դպրոցեն փախչող տղա մը բռնի վարժարան տանելու կը նմանի, լալով կերթա և ոչ սիրով։

Կիներու պճնասեր ըլլալուն պատճառն էրիկ մարդերն են, որ ավելի գեղեցկության կը սիրահարին, քան թե համեստության, կիներն այս մասին բնավ հանցանք չունին և վաճառականի պես կը վարվին, ամենեն ավելի քշվող ապրանքեն բերել կուտան։

Այն կիներն, որ աղվոր և սակայն պաղ են, կը նմանին այն ձեռագիրներուն, որոնց գիրերն գեղեցիկ են, այլ նյութն անհամ։

Բարկասիրտ կնոջ մը հետ կենակցելու համար քիչ մը շողոքորթություն անհրաժեշտ է, ինչպես որ շատ ոգի պարունակող հին գինի խմելու համար անոր մեջ ջուր դնել պետք է։

Արդարև աղջկան մը ինչ վարուց տեր ըլլալն անոր դեմքին վրա գրված է, բայց ափսոս, որ բևեռագիր է և ամեն մարդ յուր ուզած կերպով կը կարդա զայն։

Կարգ մը աղջիկներու համբավն տեսակ մը գիրքերու փայլուն անվան կը նմանի։ Անունեն հրապուրվելով կը դնես գիրքն առանց զայն աչքե անցունելու և անոր հեղինակին վրա ծանոթություն առնելու, ե երբ սկսիս կարդալ կը տեսնես, որ անպիտան և ձանձրացուցիչ հրատարակություն մէ։ Այս ճշմարտութենեն կը հետևի, որ այդ աղջիկներն ավելի կը հոգնին բարի անուն գտնելու, քան թե իրոք բարի ըլլալու համար։