Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈԿԻԿ ԱՆՈՒՆՆԵՐ

Ինչպես կան դեմքեր, որ ուրիշներու սերն և համակրությունն կը գրավեն, կան նաև դեմքեր, որոնց վրա հակակրություն և ատելություն կզգանք առանց այն դեմքին տիրոջը հետ ծանոթություն ունենալու և անոր նկարագիրն ուսանելու։ Շատ անգամ իսկ դեմքեն գուշակություն ընելու կը համարձակինք և վճիռ կարձակենք, ըսելով. «Այս մարդուն դեմքն այնպես կը ցուցնե, թե այս մարդն կամ կառապան է կամ պայտար կամ փայտահատ» և բնավ չենք հավանիր, որ հակակրություն ազդող դեմք մը պուետ, նկարիչ կամ քանդակագործ եղած ըլլա: Այսպես անուններն ալ, որ առակիս նյութն են, տարբեր տպավորություններ կընեն մեր վրա։ Նախապաշարում կամ ճաշակի խնդիր, չպիտի քննենք մենք այս կետն ոչ գիտական և ոչ բանաստեղծական տեսակետով, այլ պիտի շատանանք իրողությունն պատմելով։ Եղած են և կան անշուշտ աղջիկներ, որ մերժած են ամուսնանալ շատ մը երիտասարդներու հետ, անոնց անունն Տիրան, Լևոն, Մաքսուտ, Երվանդ և վերջապես երկավանկ և փափկահնչյուն բառ մը չըլլալուն համար, ինչպես նաև շատ մը երիտասարդներ ուզած չեն, որ իրենց կին ըլլալու աղջիկները Կատարինե, Նոյեմզար, Սողոմե, Անթառամ կոչվին։ Հացագործն երկու երեք հազար դահեկանի վարկ կը բանա այն մարդուն, որ Երվանդ կը կոչվի և հիսուն դահեկան չվստահիր այն հաճախորդին, որ Ամբակում կանվանվի։ Հացագործն գաղափար մը գոյացուցած է մտքին մեջ, թե Երվանդն կրնա շատ հարստություններ դիզել, թե չդիզե իսկ պարտքերն հատուցանելու մասին մեծ հոգ կը տանի և թե, ընդհակառակն, Ամբակում մը մեծ