Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասպարեզ մը չունի յուր առջև, թե հազիվ կրնա յուր օրական պարենն հայթայթել, և վերջապես, թե խոհեմություն չէ առանց ստակն առնելու ապրանք տալ այն մարդերուն, որք Ամբակում, Մարուքե, Համբարձում, Կիրակոս, Մելիաոս, Աբիմելեք, Բարթողիմեոս կը կոչվին և կամ ասոնց նման խորթ անուններ կը կրեն։ Երբեմն այն աստիճան առաջ կերթանք, որ չենք կրնար հավատալ, թե Կիրակոս անուն մեկն կարող ըլլա գողտրիկ քերթված մը հյուսելու. մեզի այնպես կը թվի, թե Կիրակոս մը շատ շատ խոհարար մը կրնա ըլլալ։ Այո՛, ինչպես որ դեմքեն և անունեն արվեստ կը գուշակենք, շատ անգամ ալ դեմքեն անուն և անունեն դեմք կը գուշակենք։ Հաճախ պատահած է ինձ, որ անծանոթ մը գրասենյակս եկած ինձի «Բարի լույս» ըսած է և ես անոր դեմքին նայելով անմիջապես պատասխանած եմ, «Աստծո բարին, պարոն Մելքոն», թեև վերջեն հասկցած եմ, թե անունն Տիգրան է եղեր։ Վերջապես ո՞վ կը հավատա այսօր, թե Աբեթնագով անուն մեկն գեղեցիկ ըլլա. երբ ըսեն ինձ, թե վաղը Աբեթնագով անուն մեկը պիտի գա գրասենյակդ՝ անմիջապես կը պատրաստվիմ թխադեմ, խոշոր աչերով, լայն բերնով, տափակ քիթով մեկն ընդունելու։ Անուններեն մեր ընդունած տպավորություններն այնքան անհերքելի են, որքան ճշմարիտ է, թե վիճաբանություններու մեջ Պաղտասարն միշտ պիտի կորուսնե և Միհրանը պիտի շահի։ Պզտիկ բացառությամբ, ուր փափկահնչյուն ոսկին խորթ անվան հետ խառնվելով քաղցրալուր կը գործե զայն, կոկիկ և կարճ անուններն մեծ օգուտներ ունին. հետևապես մեղադրելի չեն այն հայրերն, որ իրենց նորածին զավակներուն համար տարիներով անուն մը կը փնտրեն և հազարավորներու մեջեն հազիվ կրնան հատ մը ընտրել։

Ալ դառնանք ուրեմն պատմելու այն վեճն, որ անվան առթիվ բացվեցավ օր մը գորտերու ժողովույն մեջ և այնքան աղմուկ հանեց։

Րըկնըթոսիոս անուն պարկեշտ գորտ մը, որ ամենուն հետ սիրով կը վարվի և յուր մտքեն միայն կառաջնորդվի, հետևյալ հարցումն կուղղե օր մը գորտերու ժողովույն մեջ.

«Իրա՞վ է որ գյուղի մը գորտերն երկու օր անոթի մնացեր