Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փուկ սիրտն անոթիներու ժողովույն, որու շնորհիվ բոլոր կենդանիները կերակրվեցան, հունձքերն առատ եղան, ապրիլի մեջ անձրևներ եկան, կովերու հիվանդություն չպատահեցավ, որու շնորհիվ, կըսեմ, արևը հարկ եղած ժամանակ յուր տաքությունը տվավ և պետք չեղած ատենը քաշեց ժողվեց յուր ճառագայթներն, որու շնորհիվ գետնախնձորով ծանրացավ երկիրս, առատություն եղավ և լցաք ի բարությանց նոցա, անպիտան, և դուն, խեղճ Րըկնըթոսիոս մը, կելնես կը հարցնես, թե անոթիներու ժողովն անտարբեր գտնված է։ Դուրս ել սըկե, գնա՛, պահվտե՛ և տարիներով դուրս մի ելներ։

— Անունես ի՞նչ կուզեք։

— Ոչինչ, անունդ արդեն կիմացնե ինչ տեսակ կենդանի ըլլալդ։

Րըկնըթոսիոս ապուշ ապուշ ընկերներուն երեսը կը նայի և չկրնար ըմբռնել, թե ինչո՛ւ յուր անվան պատճառավ այսքան հալածում կրե: Նույն պահուն ատենապետը կը ծանուցանե, թե ուրիշ հարցում մալ ուղղված է ուրիշ գորտի մը կողմե և կը կարդա զայն, որ է հետևյալն.

«Իրա՞վ է, որ գյուղի մը գորտերն երկու օր անոթի մնացեր են և անոթիներու ժողովն, այսինքն անոթիները կշտացնելու ժողովն, անտարբեր գտնված է»։

— Ո՞վ է այս հարցման հեղինակն, կը հարցնե նախագահն։

— Աղևրիկ։

— Կը ճանչնամ պարոն Աղևրիկն, արդարև յուր հարցման արժանի անուն մը, յուր անվան արժանի հարցում մը, ահա այսպես ըլլալու են հարցումներն, տեսե՛ք, ի՛նչ օրինավոր է, ինչպե՛ս անկեղծ է և ինչքա՚ն հմտություն կը պարունակե, մինչդեռ Րըկնըթոսիոսինն շատ անճոռնի հարցում մէր, հարցում մը, որ բարեգործ կենդանիներուն արժանապատվությունն կը վիրավորեր։ Ուր էր թե ամեն կենդանիներն Աղերիկին պես հարցումներ ընեին և պատասխաններն անմիջապես ընդունեին։ Օրինավորությունն կը հարգեմ ես և հարցումներն բնավ չեմ խրտչիր, բավական է, որ Աղևրիկի պես կենդանիներուն կողմեն գան անոնք։

— Ըսել է, թե հարցման դեմ չեք բարկանար։