Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու մեջ տարբերություն մը ըլլալու է։ Կան հրապարակի վրա խոսողներ, որ բնավ տարբերություն չունին շոգենավի մը մեջ խոսող երկու բարեկամներն, ինչպես նաև կան հրապարակի վրա գրողներ, որ կարծես թե վաճառականի մը պես կը գրեն, այսինքն միայն իրենց վերաբերյալ գործերուն վրա։ Չգիտեմ թե ժողովուրդն ինչ պիտի ըսեր, երբ խմբագիր մը Ազգային տեսության տակ հոդված մը հրատարակեր այսպես. «Երեկ առտու քիչ մը ուշ ելա, աճապարանոք հագվեցա և տունեն դուրս նետեցի ինքզինքս։ Ետևես պոռացին՝ թե աղ պետք է, սապոն չկա, միս չունինք, գլխարկը չմոռնաս, փատը հատավ, վարդ ղրկե, որ անուշ եփենք, կազ ապսպրե և այլն առանց ականջ վախելու դեպի նավամատույց վազեցի։ Շոգենավը նոր մեկնած էր։ Զբոսարան մը մտա, խահվե մը խմեցի, բարեկամե մալ ստավրիտը կասկարայի վրա եփելու նորկերպ մը սորվեցա, քիչ մալ խոսակցեցա և ահա շոգենավն եկավ: Տոմսակ առի, մտա և կամուրջ ելա։ Գրասենյակ գնացիր մինչև իրիկուն լրագրի գործերով զբաղելեն ետքը՝ գյուղ երթալու համար նորեն կամուրջ գնացի։ Ձկնորսի մը ձեռքը պատվական քեֆալ մը տեսա.— Քանիի՞ կուտաս, ըսի՝— Ութնի կուտամ, ըսավ.— Սուղ է, ըսի՛— Աժան է, ըսավ.— Հինգ տամ, ըսի՛— Չըլլար հինգի, ըսավ՛— Թող ըլլա, ըսի՛ — Չըլլար, ըսավ՛— Ասկե վերջը միշտ քեզմե առուտուր կընեմ ըսի. — Շնորհակալ կըլլամ, ըսավ.—Հինգուկես տանք, ըսի՛ — Վեցուկեսի քեզի կըլլա, ըսավ։ Վերջապէս յոթնի առի և գյուղ գնացի։ Բարեկամիս մեկը հարցուց, թե քանիի առած եմ ձուկը, յոթնի, ըսի։ Հոտած է, ըսավ, այդ ձուկը և իրոք ալ հոտած է եղեր։ Այնչափ բարկանամ այնչափ, որ չեմ կրնար հասկցնել և այլն»։ Կամ հեղինակ մը գրական հոդվածի մը մեջ յուր ինչպես լողալն պատմե ընթերցողներուն, կամ ատենաբան մը յուր սափրիչին համբակությանը վրա խոսի երկու ժամ։ Ի՞նչ պիտի ըսեր ժողովուրդն ասանկ պարագայի մը մեջ, դրամ տար, պիտի կարդա՞ր, մտիկ պիտի ըներ այդ մարդերն։ Անշուշտ ոչ։ Սակայն կը գտնվին հեղինակներ, որ իրենց անձին վրա խոսիլ կուզեն, այսինքն այն նյութին վրա, որ բացարձակապես արգիլված է, որոց կը խոսին կամ կը գրեն հրապարակի վրա։ Մին յուր դժբախտությունը կողբա