Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտական հոդվածով մը, ուրիշ մը իմաստասիրական հատվածով յուր սիրահարությունը կը պատմե, անդիեն երրորդ մը բանասիրական գրությամբ նպարավաճառեն խաբված ըլլալն կը նկարագրե մանրապատում, չորրորդ մը տղայության ժամանակ ֆրանսերեն ինչ գիրք կարդացած ըլլալուն վրա կը ճառե տնտեսագիտական հոդվածի մը մեջ։ Թողունք ասոնք և խոսիլ տանք միայն Ծիծաղն ու Դժբախտն մեկու մը դժբախտության վրա։

Ծիծաղ — Դժբախտ շուն, ինչո՞ւ կը թշվառացնես արարածները։

Դժբախտություն — Քավ լիցի, և դու մի՛ հավատար ամեն լսածներուդ։ Գիտե՛ք ինչ արարածներ են իրենք զիրենք դժբախտ հռչակողները։ Մին քսան հազար ոսկիով տուն մը կը կառուցանե, և երբ չկրնար երեք հազար ոսկվո խնջույք մը տալ յուր նոր տան մեջ՝ ինքզինքը աշխարհիս վրա ամենեն դժբախտ արարածներեն մին ըլլալ կը կարծե։

Ծիծաղ — Ծաղրելի բան։

Դժբաքտություն — Ուրիշ մը գյուղ մը երթալով մաքուր օդ ծծելու և զվարճանալու համար պահեստի հագուստներն կը հագնի և ճամբա կելնե։ Անձրև կուգա, օդը կ՝ավրվի. «Ի՞նչ հարված է աս, աշխարհիս վրա բնավ չպիտի՞ խնդամ ես» կը պոռա։

Ծիծաղ — Ի՞նչ դժբախտություն։

Դժբախտություն — Մեկը կարծելով, թե աշխարհիս վրա միայն հարուստ ըլլալու համար ծնած է և մնացածներն ալ իրեն ծառայելու համար, և չխորհելով, թե հարուստն կրնա աղքատանալ և հարուստի մը ձիուն խնամատար անվանվիլ՝ մեկ գիշերվան մեջ ուտելու համար գրպանին մեջ երկու երեք հարյուր ոսկի չգտնելուն պես կսկսի դժբախտությո՜ւն, դժբախտությո՜ւն գոչել։

Ծիծաղ — Ո՜վ տգիտություն։

Դժբախտաթյուն — Ուրիշ մը ինքզինքն ծովը նետելու չափ դժբախտ կը համարի ամառվան տաք օրերուն մեջ հագնելու համար ճերմակ կտավե բաճկոն մը չունենալուն պատճառավ։

Ծիծաղ — Ի՜նչ մեծ թշվառություն։