Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Դժբախտություն — Մին չկրնար մխիթարվիլ յուր ականջներուն մեծության վրա, ուրիշ մը ամեն օր կուլա, կողբա, թե ինչու յուր էրիկն Թաղական Խորհրդո մը անգամ չընտրվիր և...ին ամուսինը կընտրվի։ Վերջապես ասոնց նման բաներ են իրենք զիրենք դժբախտի տեղ դնող արարածներն, որ դժբախտությունն դեռ ճանչցած չեն։ Եթե ասոնք դժբւսխտ են, ի՞նչ է ուրեմն այն արարածն, որ գիշերվան ժամը երկուքուկեսին միջոցները խոնջած զառիվերե մը վեր կելնե համրաքայլ և դեռ յուր խրճիթը չհասած՝ կը դիմավորվի հրեշտականման երկու տղաներե, որ մին երեք և մյուսը հինգ տարեկան, բոկոտն և մերկ, դեպի այս էակն կը վազեն և անոր մոտենալով երեսն ի վեր կը հարցունեն, «Հայրիկ, հաց բերի՞ր մեզի այս գիշեր»։ Լեզուն կը կապվի... չկրնար պատասխանել, այլ արտասվաց երկու կաթիլներով, որ հակառակ յուր կամաց, յուր աչերեն կը փախչին։ Ինքզինքն զսպելով հազիվ կը գտնե խրճիթն և խցիկի մը մեջ մտնելով դուռն կը գոցե, կը նստի, գլուխն երկու ափերուն մեջ առնելով տղու մը պես կուլա կականալիր հեկեկանքով։ Այս արարածն է. երջանիկ, այնպես չէ՞։

Ծիծաղ — Իրավունք ունիս, Դժբախտ։

Դժբախտություն — Հապա ի՞նչ ըսեմ այն կենդանիներուն, որ իրենց դժբախտ անունը կուտան միայն սա պատճառավ, թե դերձակն քիչ մը լայն կարեր է իրենց թանթալոնը:

Ծիծաղ — Դուն անոնց ամենն ալ հիմարանոց կապե՛։

Բարոյական — Մարդս ամեն վիճակի պատրաստ գտնվելու է հոժարակամ։ Այսօր ուրիշ մը մեր կոշիկները կը ներկե, մենք ինչո՞ւ չներկենք վաղն ուրիշին կոշիկները, այսօր ուրիշներուն ողորմություն կուտա՜նք, ո՞վ կերաշխավորե, թե վաղն ուրիշներն ողորմություն չպիտի ուզենք։ Տարբեր կերպով խորհողն անպատճառ զորավոր հանձնարարականով մը ղրկված ըլլալու է այս աշխարհ։


ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Համբույրներն սիրո քերականության միջակետներն են։

Սերը բաղաձայն է, ինքնիրմե ձայն չհաներ, մինչև որ քովը չդրվի նախանձը։