Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե ո՛վ ներշնչեց ինձի այս դիտողությունները՝ պզտիկ առակով մը պատմեմ ձեզ, որովհետև մեր գործն առակի մնաց։


Տասնևվեց տարվան աղվեսն իմանալով, որ Մեղուի քսանհինգերորդ ամսուն լրման առթիվ հոբելյան մը կատարվեր է, և մեղրագործն այլ և այլ նվերներով պատվված է՝ անմիջապես յուր պաշտոնակցին կը դիմե և զայն շնորհավորելե հետո կըսե.


— Կը ցավիմ, որ ես տասնևվեց տարեկան ըլլալով՝ հոբելյանի մը չարժանացա։


— Այս տասնևվեց տարվան մեջ ի՞նչ ծառայություն մատուցիր ազգիդ։


— Առաջ Աստված, ամեն բան ըրի և աշխատեցա։


— Այո՛, աշխատեցար միայն փորդ կշտացնելու։


— Քավ լիցի, շատ անգամ անոթի ալ մնացած եմ։


— Եվ հարուստներե սնունդ մուրացիր շողոքորթությամբ:


— Շողոքորթությո՜ւն... չեմ ընդունիր, քաղաքավար լեզվով խոսիլն մե՞ղք է։


— Այսօր մեկը ռնգունքը գոցելով հազիվ կրնա վայրկյան մը մնալ գրասենյակիդ մեջ, մինչդեռ երկու տարի առաջ խունկի հոտեն խմբագրատունդ մտնել կարելի չէր։ Ես, տեր աղվես, քսանևհինգ ամիս մեղր շինած եմ և օգնած մարդկության։


— Գոնե քանի մը բաժանորդ գտնեիք ինձի։


— Եթե միայն շատ ապրողներուն հոբելյան կատարվեր երեսունհինգ տարի հաջողությամբ ավազակություն ընողներն ալ այդ պատվուն արժանանալու էին։


— Շատ խիստ կը խոսիս, մեղմացուր ձեր լեզուն, իմ սիրելի պաշտոնակիցս. ինձի տասը բաժանորդ գտիր, քեզի մեծ պաշտոնի մը համար ընտրելի առաջարկեմ։


— Պետք չունիմ քեզի, միայն կուզեմ, որ չնախանձիս իմ վրա, ըսավ մեղուն, և խայթելով աղվեսն՝ բզզաց հետևյալն.


Բարոյական.— Երկու օրվան մեղուն ծեր աղվեսեն ավելի հարգելի է միշտ։


Դիտող.— Ես ալ կարծեմ, թե մեղուն իրավունք ունի: