Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաջալերենք սա ուղտն, որ հառաջանա յուր ճյուղին մեջ»։ Կարծես բնավ ծառայություն մը չեմ ըրած։ Չեն գիտեր, թե դերձակ մը որքան արժանի է քաջալերության։

Աղվես — Մսավաճառությունն քի՞չ օգուտներ ունի։ «Առողջ մարմին առողջ միտք» կըսե առածն և ողջամտությունն ինձ պարտավոր է յուր ծնունդն։

Կապիկ — Ազգի մը հառաջդիմության էական տարրերեն մին բանջարեղենն է, և այն ազգն, որ բանջարեղենի վրա գաղափար չունի, հառաջանալու տրամադրություն ալ չունի։

Գայլ — Հապա գինի՜ն և օղի՜ն, որքան կը նպաստեն կրթության, եթե վարժարանի մը տնօրեն ըլլայի ես լատիներենն և հունարենը կը վերցնեի դպրոցներեն և անոնց տեղ գինի և օղի կը դնեի։ Հարկ անհրաժեշտ է, որ գինին և օղին ամեն վարժարաններու մեջ մուտ գտնեն ծաղկոցներեն սկսելով։

Կատու — Մուկերն բավական մուտ գտած են վարժարաններու մեջ, կուզեմ, որ վնասներ գործեն, բայց խղճմտանքս չներեր, հատ մը տեսնելուս պես վրան կը հարձակիմ և կը բզկտեմ։

Ուղտ — Թիկնոցներուն ալ հարգը դեռ ճանչված չէ մեր գրականության մեջ։

Բարոյական — Այս առակն խիստ հարմար կուգա անոնց, որ միմիայն իրենց շահուն համար կը գործեն և երբ նեղը մնան կամ վնասվին, կը կարծեն, թե իրավունք կունենան ազգեն դրամ պահանջելու, որպես թե մարդկության օգտակար ծառայություն մը մատուցած ըլլան միս, սոխ, բրինձ և այլն վաճառելով։


ԹԵ ԻՆՉ ԲԱՆԵ ԿԸ ՇԻՆՎԻ ԳԻՆԻՆ ԵՎ ԻՆՉ է

ԱՆՈՐ ՊԱՇՏՈՆԸ

Ո՜վ գինի, դու, որ ժամանակավ միայն խաղողե կը շինվեիր և սեղանի վրա կը խմվեիր միմիայն մարսողության նպաստելու համար, գիտե՜ս արդյոք, թե ինչ նյութերե կը պատրաստվիս և ինչ նպատակի համար կը գործածվիս։ Ան¬