Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուշտ չես գիտեր. մտիկ ըրե ուրեմն, որ իմանաս։ Ո՛վ գինի, լավ համոզվե՛, թե ոմանք փայտի կտորներե կը շինեն զքեզ, ոմանք լաթի կտորվանքներե և ոմանք ալ փողոցը նետված բանջարեղեններե կը պատրաստեն զքեզ, վերջապես ամեն բան կա քու մեջ բացի խաղողեն։ Երևելի գինեպան մը գինի շինելուն արհեստն յուր զավկին սորվեցուցած ատեն, անոր ըսած է. «Որդյակս, խաղողեն անգամ կրնա գինի պատրաստվիր»։ Ա՛լ ասկե կրնաս աղեկ հասկնալ, թե որքան երեսե ձգված է խաղողեն գինի շինելու սովորությունն։ Քիմիաբանությունն այնչափ գյուտեր ըրավ, որ խաղողի գինին վնասակար իսկ պիտի համարվի քիչ ատենեն։ Այլ և այլ նյութերով զքեզ պատրաստելեն ետքը, գիտե՞ս թե ինչ բաներ կը խառնեն մեջդ։ Որպեսզի համով ըլլաս և քմաց հաճո երևաս՝ յուղեր, խունկեր և ուրիշ անուշաբույր նյութեր կավելցնեն վրադ, ոմանք ալ շողոքորթություն, անձնական շահ կը թափեն մեջդ և այնպես կը խմեն։ Ա՛լ երևակայե, թե՛ փայտի կամ լաթի կտորներե պատրաստվելով ասանկ անուշահոտ նյութեր ալ ունենալեդ վերջը, որքան վնասաբեր ես ստամոքսներու։ Կենդանիներու խնջույքի մը մեջ գտնվելու ես, որ հասկնաս քու պաշտոնդ. Ա... կենդանին Բ... կենդանիին քույրը կը սիրե և կուզե զայն իրեն կնության առնուլ. ուստի երբ խնջույքի մը մեջ գտնվի անմիջապես Բ...ին համար բաժակ կ՝առաջարկել Գ...ր Դ...ին մեծ գումար մը պարտք ունի և Դ...ն շատ անգամ անհանգիստ կ՝ընե Գ...-ը՝ յուր պահանջքն ուզելով. ուստի Գ...ր քանի մը բարեկամներով ճաշած միջոցին ոտքի կելնե, երկար ատենաբանություն մը կ՝ընե, Դ...ին բարի հատկություններն, անոր հանճարն և սիրտն, ազնիվ զգացումներն կը գրվատե և անոր կենաց համար բաժակ կառաջարկե։ Ե...ը Զ...են բարիք մը կ՝ակնկալե և կամ անոր միջոցավ հանգանակություն մը ընել կ՝ուզե ի նպաստ յուր ծախուց, ուստի շուկան՝ ճաշարանի մը մեջ կերած ատեն՝ յուր շուրջը գտնվողներուն կ՝աղաչե, որ Զ...ին կենդանությանը համար մեյ-մեկ գավաթ գինի խմեն։ Ամո՜ւր և հաստա՜տ ստամոքսներ, որ այսքան գեշ պատրաստված և այնքան անձնական շահու ոգի պարունակող գինին կը խմեն և չեն վնասվիր. եթե ես բաժակ մը խմեմ՝ անմիջապես կավրվիմ։ Ահա՛, գինի,