Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասկցիր, թե ինչ նյութե կը շինեն և ինչ նպատակներու կը գործածեն զքեզ։ Եթե չես հավատար ըսածներուս, թույլ տուր ինձ պատմել քեզ առակ մը։

Գրամատույց կենդանի մը՝ որուն անունն չեմ կարող հիշել սովորություն ունի երկու ամիսն մի անգամ արագատիպ գնել։ Ենթադրենք թե այսօր արագատպի մը պետքը կզգա՝ կերթա անմիջապես իրմե շողոքորթյալին քովն, որ թուղթ մը կստորագրե և կը հրավիրե հարուստ կենդանիներն օգնել գրամատույցին արագատպի մը գնման համար։ Հարուստ կենդանիները կօգնեն և պզտիկ գումար մը կը գոյացնեն, սակայն այդ գումարն արագատպի չօգտեր, գրամատույցին պարտուց թեթևմանը կօգնե քիչ մը և գրամատույցն այդ գումարով պարտքերը քիչ մը կը թեթևցնե և երկու ամիս ետքը նորեն կը փափագի արագատիպ մունենալ։ Նորեն կը դիմե շողոքորթյալին, նորեն հանձնարարագիր, դարձյալ գրամատույց, վերստին հանգանակություն, դարձյալ պզտիկ գումար մը, որ նորեն պարտքերուն կը տրվի։ Ի վերա այսր ամենայնի արագատիպ մը անպատճառ պետք է գրամատույցին, յուր մտաց արգասիքն օտարին մամլույն տակ ճնշելն մեծ վնասներ ունի, իրեն հատուկ արագատիպ մը, համրատիպն ալ վնաս չունի, ունենալու է։ Գրամատույցն նորեն կսկսի սովորական արարողություններուն. նվիրատուներն կը համոզվին, թե երկու ամիսն անգամ մը արագատիպ գնողն չպիտի կրնա արագատիպ մունենալ, գրամատույցն ալ նվիրատուներուն կարծիքեն է, ուստի կողորմին իրեն ինչպես այն մուրացկանին, որ պեխի սանդրներ նվիրելով ինձի քեզի, ողորմություն կը խնդրե. գրամատույցն ալ գիտե, որ արագատիպն լոկ միջոց մէ կենդանիներն գրամ կորզելու։ Հասկցաք հարկավ, թե ինչ հասկցնել ուզեցի «Երկու ամիսն մի անգամ արագատիպ գնելու սովորություն ունի» ըսելով։ Արդ, այս գրամատույցն, այս հանրածանոթ գրամատույցն, որ շատ տարիներե ի վեր գրամատուցություն կընե, նորեն արագատպի մը պետքը կզգա, ուստի այս անգամ յուր շողոքորթյալին դիմելե ետքը քեզի ալ կը դիմե, ով գինի, քեզի, ով գինի, որ մտքեդ անգամ չանցնիր, թե արագատիպ դնել տալու հատկություն ունենաս։ Գինետուն կերթա, տակառ մը