Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՐՈՋ ԶԲՈՍԱՐԱՆԸ

Գայլին մեկը զբոսարան մը բացած էր և բազմալեզու սուրբ գիրքերով զարդարած էր զայն։ Զբոսարանի անունն ալ Տերոջը զբոսարան դրած էր, և իրավունք ալ ուներ, որովհետև հոն հաճախող կենդանիներն, որ ընդհանրապես գործ չունեին, Տերոջը գործերուն վրա կը խոսակցեին։ Աղվեսն օր մը անկե անցած ժամանակ դռնեն ներս կը նայի և աչքին կը հանդիպի զբոսարանին պատերեն կախված և վրան դրված թուղթերեն մին, որուն վրա կը կարդա սա խոսքը, թե «Ինձի եկողն ոչ պիտի անոթենա և ոչ ալ ծարավնա»։ Աղվեսն խիստ հաճելի կը գտնե այս խոսքն, ներս կը մտնե, աթոռի մը վրա կը նստի և կսկսի պատերուն վրա փակցված մյուս թուղթերն կարդալ, որոնց վրա դրված էին հետևյալ պատվերներն.

«Մի՛ գողնար.
Դրացիդ սիրե՛.
Առուտուրն հոս կանխիկ է.
Մի՛ շննար.
Ըրե ուրիշներուն, ինչ որ կուզես, որ ուրիշներն ընեն քեզի.
Գավաթ մը թեյ վաթսուն փարա է.
Հայրդ և մայրդ պատվե.
Մեկը չկրնար ծառայել թե մամոնայի և թե Տիրոջ.
Տասը տրամ Միլանի կարագն ալ քառասուն փարա է...»։


Այս միջոցին դայլն կուգա և կը հարցնե աղվեսին, թե ինչ կը հաճի խմելու կամ ուտելու։


— Անոթի եմ, քիչ մը կարագ և հաց բեր, կը պատասխանե աղվեսն։ Գայլն անմիջապես կը պատրաստե, կը բերե աղվեսին նախաճաշն։ Աղվեսն մեկ կողմե կը ճաշեր և մյուս կողմե կը խորհեր, թե ինչ վարպետություն ունի գավաթ մը թեյն վաթսուն փարա է խոսքն հայրդ և մայրդ պատվե-ին հետ. թե չկրնար ըլլալ, որ գավաթ մը թեյն քսան փարա ըլլա և մեկն դարձյալ յուր հայրն ու մայրն պատվե։ Նույնպես խիստ արտառոց կը գտներ առուտուրն հոս կանխիկ է խոսքին մի՝ շննար—ի քովը դրված ինչպես նաև Միլան կարագն՝ մամոնայի հետ։ Ուստի՝ թեև կը հասկնա գործին էությունն՝ կորոշե պարոն գայլն կանչել և բացատրություն