Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կընդունինք, երկրորդն կը մերժենք... երկրորդը կը մերժենք, առաջինը կընդունինք... զանգակի ձայն... խոսք կուզեմ... լռեցե՛ք... քվե՛, քվե՛... ատյանը պիտի գոցեմ...

Ատենապետ — Կաղաչեմ խելոք նստեցե՛ք... պաղ արյունով խոսեցեք... խոսքը կապիկինն է։

Կապիկ — Իմ խոսելիքս ուրիշները խոսեցան։

Շերամ — Ես կ՝առաջարկեմ աղաչել ֆիլոքսերայի ծնողին, որ շնորհ ընե սա անիծյալ որդը ջնջե։

Ձայներ — Այո, այո... ոչ, ոչ... այո, ոչ, շատ աղեկ կըլլա... շատ գեշ կըլլա... ոչ աղեկ կըլլա, ոչ գեշ կ՝ըլլա... կրնա ըլլալ, որ աղեկ ըլլա, կրնա ըլլալ, որ գեշ ըլլա... կամ ոչ մին կըլլա և ոչ մյուսն... աղաչենք... բողոքենք... երկուքը մեկեն չըլլար, առաջ բողոքենք, վերջը աղաչենք... նախ աղաչենք, ապա բողոքենք... լռություն... խոսք կուզեմ... չենք կրնար մտիկ ընել քեզի... լռություն...

Ատենապետ — Խոսքը ագռավինն է։ Ինչպես գիտեք՝ ագռավն մեր ժողովույն առաջին ատենաբաններուն առաջինն է, հետևապես արժանի ուշադիր ունկնդրության։ Նե կարող է խնդիրն յուր ճյուղերովը ներկայել, զայն իմաստասիրել և ցույց տալ մեզ, թե ինչ հնարքներով կարելի է. բառնալ այս որդն։ Ուստի դարձյալ կը խնդրեմ, որ մտադիր ըլլաք յուր խոսքերուն։

Ձայներ — Նե կարող է համոզել։

Խոր լռուփյուն կը տիրե, ագռավն բեմը կելնե։

Ագռավ — Չեմ կրնար ծածկել այն ցավն, զոր կզգամ երբ դժբախտություն կունենամ տեսնելու, որ մեր պատվարժան և պատվարժանուհի ժողովականներեն ոմանք ֆիլոքսերա կարտասան՛են որդն, որ ֆալաքսարա կը հնչվի։ Արդարև ֆիլոքսերա կը գրվի, բայց այդ լեզվի մեջ ի, օ և է տառերն ա կը հնչվին։

Սագ — Տեսա՞ք... ինչպես կը լուծվի խնդիր մը։

Ագռավ — Այո, ի, օ և է տառերն ա կը հնչվին...

Ձայներ — Հապա ա-ը ի՞նչպես կը հնչվի։

Ագռավ — Կ՛աղաչեմ, մի՛ ընդմիջեր...։ Հետևապես բառն ֆալաքսարա է և ոչ թե ֆիլոքսերա, ինչպես կարտասանեն ոմանք։ Թե ինչ պատճառներե ստիպված ի, է և օ տառերն ա կը հնչվին, պիտի փութամ բացատրել ձեզ։