Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Սագ — Եթե սխալ չարտասանեինք, թերևս ֆալաքսարան այսքան վնասներ չէր հասցներ մեզ։

Ագռավ — Ինչպես հայտնի է ի, է, օ տառերն ձայնավոր են և առանց ուրիշ գրի օգնականության կրնան ձայն հանել իրենք իրենցմե, մինչդեռ բաղաձայններն անպատճառ ձայնավորի մը կը կարոտին ձայն հանելու համար։

Սագ — Խեղճ բաղաձայններ...

Ագռավ — Ըստ որում տառերն բառեր և բառերն խոսքեր կը շինեն, ի, է, և о տառերն մտած են ֆալաքսարային մեջ։ Եվ որովհետև ամեն տառ ներդաշնակության համար ամեն տեղ յուր բուն հնչումը չպահեր, որոշեր են, որ ի, է, և о տառերն ա հնչվին երբեմն, հետևապես ֆիլոքսերա հնչված է ֆալաքսարա, որ բազմավանկ բառ մէ և բան մը, իր մը ցցունելուն համար անուն կամ գոյական է։ Հասարակ գոյական է, որովհետև շատ ֆալաքսարաներ կան, ինչպես շատ ծառեր, քաղաքներ և այլն կան. եթե մեկ հատ ըլլար, հատուկ անուն պիտի ըսվեր։ Այս ֆալաքսարան Ա. հոլովման տակ կերթա և կը հոլովի այսպես.

Եզակի
Ուղ. ֆալաքսարա
Սեռ. ֆալաքսարայի
Տրակ. ի ֆալաքսարա
Հայց. զֆալաքսարա
Բաց. ի ֆալաքսարայե
Գործ. ֆալաքսարայիվ

Հոգնակի
ֆալաքսարայք
ֆալաքսարայից
ի ֆալաքսարայս
զֆալաքսարայս
ի ֆալաքսարայից
ֆալաքսարայուք


Սագ — Եվ խել մը կենդանիներ առանց այս բաները գիտնալու խնդիրն լուծել կաշխատին։

Ագռավ — Հետևապես խնդիրն ֆալաքսարայի վրա է և ոչ թե ֆիլոքսերայի։ Խորհեցե՛ք, տյարք և տիկնայք, այն սոսկայի հետևանքներն, որ կրնան հառաջ գալ սխալ արտասանութենե։ Խնդիրն արդեն փափուկ է և ծանր. և մենք սխալ արտասանությամբ կրնանք ավելի փափկացնել և ծանրացնել զայն։ Ուստի կ՝եզրակացնեմ խոսքս և այս որդին բարձման իբրև միակ միջոց կ՝առաջարկեմ թողուլ ֆիլոքսերան և ֆալաքսարա հնչել։

Ձայներ — Քվե... քվե...