Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

100 » կինն առանց աշխատության չձգելու սկզբունքե,
6 » ժառանգորդ Չունենալու պետքե,
80 » գինիե,
70 » կռիվե,
140 » հաշտութենե,
160 » անհավատարիմ ամուսնութենե,
2074 » ամբողջ գումար։

Ահա ասոնք են ձեռատետրիս մեջ գրվածներն։

Ման — Մեծ տարբերություն մը չկա, հավասարակշռությունն պահված է։

Ծնունդ — Սակայն եթե այսպես շարունակվի՝ ներբերումն ավելի շատ պիտի ըլլա, վասնզի զավակ ունենալու պետքերն օր ըստ օրե շատնալու վրա են։

Ման — Արտաբերումն ալ չնվազիր, որովհետև մեռնելու պետքերն ալ օր ըստ օրե ավելնալու վրա են։

Բարոյական — Մեծ մասամբ անծանոթ հիվանդություններն են, որ մարդերու մահ և ծնունդ կուտան։


ՊԱՏԻԺՆԵՐ

Ծիծաղ — Եղբայր Բարոյական, տիրող զեղծումներն բառնալու համար շատ անզոր են բարոյական խրատներն, որոնց կարևորություն չեն տար։ Շատերն լսել իսկ չեն ուզեր զանոնք, և եթե երբեմն լսվին՝ բնավ չեն գործադրվիր։ Խրատ տուր իննսուն տարե կան կենդանիի մը, որ չներկե և իրենց ճերմակ գույնովը թողու յուր մազերն ու պեխերն՝ անմիջապես կը սրդողի և կը նախատե զքեզ ըսելով, թե ճաշակե զուրկ ես։ Ըսե ագահին, թե միայն ոսկիներ դիզելն հաճելի բան մը չէ և թե զանոնք վայելել պետք է բարեգործություններ ընելով, իսկույն բերանը կը բանա և կսկսի պոռալ. «Իմ տունս փլցունել կուզեն, ես ի՞նչ ունիմ, որ ուրիշներուն տամ... ահ, ամենուն աչքը վրաս է, որպես թե շատ հարստություն ունենայի, կուզեն որ ձեռք բանամ մուրամ... կորի՛ սըկե... քու խրատ-