Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպասավորի մը հետ կը վարվին անոնց հետ, շոգենավերու ընկերության մը մեճիտիե ավրել տալու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ պատ ի պատ խոսքերով ուրիշները կը խաղցնեն և իրենց խոստումը չեն կատարեր՝ երբ ստիպողական գործ մունենան՝ այդ գործը մշտնջենական նկատողության առնվելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ գրական ասպարեզին վրա բանագողությամբ կապրին՝ անհամ, ձանձրացուցիչ և երկար հոդվածներ ընդօրինակելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ դասատվություն ընելու չափ հառաջ կը տանին իրենց հանդգնությունը, իրենց դեմն ելնող կենդանիին ազնիվ զգացումներ հայտնելու կը դատապարտվին։

Այն կենդանադուխտերն, որ իրենց տանը կառավարությունն սպասուհիներու կը հանձնեն և իրենք ասդին անդին կը պտըտին՝ իրենց տանը դիմացը գեղեցիկ կենդանուհի մը դրացի ունենալու կը դատապարտվին։

Այն կենդանուհիներն, որ իրենց սպիտակ մազերն սևի կը ներկեն՝ ճերմակին սև ըսելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ իրենց զավակներուն կրթությանը մասին անտարբեր և անհոգ կը գտնվին, ձիավորի մը ետևեն վազելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ վիճաբանության մեջ իրարու խոսք հասկնալ չեն ուզեր՝ Սկոտոսին ինչ սկզբունքի ծառայելն գուշակելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որոնց զբաղումն է նարտ և թուղթ խաղալ շարունակ ուրիշներն շողոքորթվելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ իրենց ձեռներն միշտ ճերմակ, փափուկ և գեղեցիկ ցցունելու համար դիր գրել չեն ուզեր՝ իրենց կամքին հակառակ քվե գրելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ իրենց պարտքը չեն վճարեր, կը դատապարտվին անանկ տեղ տուն մը նստելու, ուր երթալու համար անպատճառ իրենց պարտատերին առջևեն անցնելու ստիպվին։

Այն կենդանիներն, որ ուսմունքե և գիտութենե բոլորովին զուրկ են՝ ուրիշներու առաջնորդ ըլլալու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ փառաց համար կը խենդենան՝ հրա-