Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահանջել։ Ճաշն լմնցնելե հետո, աչք կընե գայլին, որ շուտ մը քովը կուգա։


— Ի՛նչ գործ ունի, կը հարցնե աղվեսն, Միլանի կարագն մամոնայի հետ։


— Մին բարի խրատ է, կը պատասխանե գայլն, մյուսն ընտիր կարագ, և կարագն այնքան ավելի սննդարար կըլլա՝ որքան բարի խրատներով ուտվի։


— Կարծեմ թե կարագն ավելի շաքարով լավ կուտվի և սննդարար կըլլա, քան թե այդ բարի խրատով, որ չուտվիր։


— Բարի խրատն ականջով կուտվի, իսկ կարագն բերնով։


— Բարի խրա՞տ ծախելու համար բացած եք այս զբոսարանն թե խահվե, թեյ, կարագ և այլն։


— Մեր բուն նպատակն բարի խրատ վաճառել է։


— Սակայն կարծեմ, թե բարի խրատեն ավելի կարագ կը վաճառեք և ան ալ շատ սուղ։


— Ընդհակառակն շատ աժան կը վաճառենք։


— Ո՛չ, սուղ կը վաճառեք, և ես քսան փարայեն ավելի չպիտի տամ:


— Անհնար է։


— Կարելի է։


— Ո՛չ, տես ի՛նչ դրված է այս թուղթին վրա, «Ոչ գողերն, ոչ հափշտակողներն, ոչ ագահներն չպիտի մտնեն արքայություն», չեմ ուզեր ես, որ դուք քսան փարայի համար արքայութենե զրկվիք, հաճեցեք քառասուն փարա վճարել։


— Չպիտի մտնեն արքայություն նաև անոնք, որ քսան փարայի կարագն հանուն տերոջ կրկին գնով վաճառել կուզեն, ուստի դժոխքի մեջ կը տեսնվինք, կըսե աղվեսն և զբոսարանեն դուրս կը նետե ինքզինքն։


Բարոյական.— Զգուշացեք այն անձերեն՝ որ իրենց խահվեն սուրբ դիրքով կը ծախեն կամ սուրբ դիրքի մեջ Միլանի կարագ կը դնեն։


ԻՆՔՆԱԿՈՉ ԱԶՆՎԱԿԱՆՆ

Բարեբարո, համեստ, խոհեմ, լեզվագետ, բայց աղքատ էշ մը հաջողած էր ամուսնանալ բարձը ազգատոհմե իշանուշի